Էրդողանը, Պուտինը և Ռոհանին Սոչիում քննարկելու են սիրիական ճգնաժամը

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին կհանդիպեն Սոչիում: Հանդիպման օրակարգում լինելու է սիրիական ճգնաժամը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից

Կողմերը քննարկելու են Սիրիայում վերջին շրջանում ընթացող գործընթացներն ու զարգացումները: Թուրքական կողմը նշում է, որ սա այս տարվա ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների 6-րդ հանդիպումը կլինի:

Նշենք, որ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Ստեֆֆան դե Միստուրան հայտարարել է, որ նոյեմբերի 28-ին սիրիական ճգնաժամի կարգավորման համար նախատեսվում է բանակցությունների 8-րդ փուլն անցկացնել Ժնևում: Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Նա նաև նշել է, որ Ժնևյան բանակցություններից առաջ հնարավոր է նաև սիրիական ընդդիմության հանդիպում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում:

Նշենք, որ Ժնևում բանակցությունների վերջին փուլն անցկացվել է այս տարվա փետրվարի 23-ին: Բանակցություններում քննարկվել են Սիրիայում նոր սահմանադրության հաստատման, ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր։

Ժնևի բանակցություններից զատ, Սիրիայի հարցով հանդիպումներ են լինում նաև Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Աստանայում բանակցությունների վերջին՝ 7-րդ փուլն անցկացվել է այս տարվա հոկտեմբերի 30-31-ը:

Նշենք, որ հենց այս հանդիպումների ընթացքում են կողմերը եկել համաձայնության Սիրիայում «անվտանգության գոտիներ» ստեղծելու և հրադադարի պահպանման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ: Աստանայում բանակցությունների և հրադադարի պահպանման ու «անվտանգության գոտիների» երաշխավոր երկրներն են համարվում Թուրքիան, Ռուսաստանը և Սիրիան:

2017 թ. հոկտեմբերի 8-12-ին Թուրքիան զորք է մտցրել Իդլիբ նահանգ: Թուրքական կողմը հայտարարում է, որ, ելնելով Աստանայում ձեռքբերված համաձայնություններից, Թուրքիան կարող է զորք տեղակայել Իդլիբում: Սրան հակառակ, Սիրիան թուրքական զորքերի ներկայությունը համարում է օկուպացիա և պահանջում դուրս բերել զորքերը:

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *