Ռուսաստանի ՊՆ–ն և տեղի «Միավորված ավիաշինական կորպորացիան» («ОАК») 13 միավոր Սու–57 կործանիչների գնման պայմանագիր կկնքեն 2020 թվականին։ Սա նման երկրորդ պայմանագիրն է, առաջինը կնքվել էր նախորդ տարի։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով կորպորացիայում սեփական աղբյուրին։
Առաջին պայմանագրով՝ զինված ուժերին 2 միավոր կործանիչ կփոխանցվի, մեկն՝ այս տարի, մյուսը՝ հաջորդ։ Այն կնքվել էր 2018 թվականի օգոստոսին։ Արտադրող ընկերության նախագահը նշել էր, որ նախատեսվում է 12 ինքնաթիռի գնում։
Կործանիչների մի մասը կունենա նոր տիպի շարժիչ։ Սու–57–ի այս շարժիչը, ի տարբերություն առաջին տիպի շարժիչի, ունի հովացման ու այրման, կառավարման նոր համակարգեր։ Նոր շարժիչով առաջին թռիչքը կատարվել է 2017 թվականի դեկտեմբերին։
Սու–57 կործանիչները 5-րդ սերնդի ռուսական առաջին կործանիչներն են, որոնցով, ինչպես բազմիցս հայտարարվել է, նախատեսվում է փոխարինել Սու–27 կործանիչները։

Սու–57 կործանիչն արդեն ունի որոշակի մարտական փորձ՝ 2018-ի մայիսին Սիրիայում հարվածել էր ահաբեկիչների դիրքերին։ Ավելի վաղ՝ փետրվարին, Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈւ «Հմեյմիմ» ավիաբազա էր բերվել երկու միավոր Սու-57։
Սու-57-ը ռուսաստանյան արտադրության նոր սերնդի կործանիչ է: Կործանիչի առաջին թռիչքը իրականացվել է 2010 թվականին: 2010-2017 թթ. ընթացքում արտադրվել է 10 միավոր փորձնական Սու-57 (Տ-50) կործանիչ, այդ թվում 3 միավորը ստեղծվել է 2017 թվականին:
Անցած տարվա նոյեմբերին՝ Սու–57–ի փորձարկումներից մեկի ժամանակ, վնասվել էր կործանիչի թևը։ Ինժեներների խոսքով՝ պատճառը գերծանրաբեռնում էր (104%)։
Հավելենք, որ 2018-ի օգոստոսին սառեցվել էր Հնդկաստան–Ռուսաստան Սու–57-երի արտադրման համատեղ 10 մլրդ դոլարի ծրագիրը։ Մինչ այդ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամատարությունը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին և անգամ պահանջել դադարեցնել նախագիծը՝ տեխնիկական պատճառներով։