Հունվարի 21–ի առավոտյան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապվող մահապարտը Սիրիայի Հասեքե շրջանի Շադադի քաղաքում քուրդ–ամերիկյան կոալիցիոն զորքերի շարասյան ճանապարհին պայթեցրել է իր ականապատ մեքենան։
Պայթյունի հետևանքով սպանվածների և վիրավորների մասին տվյալները տարբեր աղբյուրներում անհամապատասխան են։ Օրինակ՝ քրդական գործակալությունը նշում է, որ կոալիցիոն ուժերից վիրավորվել է 3 զինծառայող, որոնցից մեկը՝ ամերիկացի։
Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի թվիթերյան էջը հայտնում է, որ հարձակման հետևանքով ամերիկացի զինծառայող չի մահացել կամ վիրավորվել։
Իսկ բրիտանական The Telegraph–ը նշում է, որ պայթյունից 5 քուրդ զինծառայող է մահացել։
Նշենք, որ սա Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման ընթացքում երկրորդ պայթյունն է։ Առաջին պայթյունը եղավ Մանբիջում՝ հունվարի 16–ին։ Դրա հետևանքով, ըստ Reuters լրատվական գործակալության, մահացել էր 4 ամերիկացի զինծառայողը, ևս 3–ը՝ վիրավորվել։