Իսլամիստները հարձակվել են Իդլիբում Սիրիայի զորքերի վրա

Հունվարի 23–ի գիշերը հայտնի է դարձել, որ Սիրիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Ալ Քաիդա»–ի ճյուղերից՝ «Հայաթ Թահրիր ալ–Շամ» խմբավորումը հարձակվել է Իդլիբի նահանգի Աբու–Դուհուր և Աբու–Շարջա քաղաքներում տեղակայված Սիրիայի կառավարական զորքերի վրա։ 

Այս մասին հայտնում է (1) ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի»* գործակալությունը՝ հղում անելով «Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի» ղեկավար, գեներալ–լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինին։

*«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ հարձակվել են «Ալ–Նուսրա» խմբավորման անդամները, սակայն հարկ է նշել, որ 2017թ. փետրվարին «Ալ–Նուսրա» խմբավորումը լուծարվել է և դրա անդամները ստեղծել են «Հայաթ Թահրիր ալ–Շամը»։

Սոլոմատինը հայտնել է, որ խմբավորման անդամներին հաջողվել է Աբու–Դուհուր քաղաքում մինչև 1,5 կմ խորանալ Սիրիայի կառավարական զորքերի մեջ, սակայն հետո նրանց առաջխաղացումը կանխվել է սիրիական ուժերի կողմից։ 

Խմբավորման անդամների առաջխաղացումը կանխվել է նաև Աբու–Շարջա քաղաքում, որտեղ, ըստ Սոլոմատինի, խմբավորումը կորուստներ է կրել։ 

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18–ին հայտարարել է, որ իսլամիստական խմբավորումը իր վերահսկողության տակ է վերցրել Իդլիբի ապառազմականացված գոտու 70 տոկոսը, չնայած Թուրքիա–Ռուսաստան համաձայնագրի։ 

Վերոնշյալ համաձայնագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել էր 2018թ. սեպտեմբերի 17–ին՝ Սոչիում։ Ըստ դրա՝ մինչև հոկտեմբերի 15–ը  Սիրիայից դուրս բերվեց ընդդիմադիր ուժերի ամբողջ սպառազինությունը, Իդլիբի շուրջ ստեղծվեց ապառազմականացված գոտի ու այդտեղ թուրքական և ռուսական զինված ուժերը սկսեցին կատարել անկախ պարեկային գործողություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *