Նոյեմբերի 12-ից Ադրբեջանում զորքերի օպերատիվ պատրաստության շրջանակներում մեկնարկելու են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Վարժանքները պլանային են:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հայտարարվում է, որ վարժանքների հիմնական նպատակն է տարբեր տեսակի ռազմական գործողությունների պայմաններում ստուգել և բարելավել ղեկավարման մարմինների փոխգործակցության մակարդակը:
Ներգրավվելու են ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների ղեկավարման մարմինները, զորատեսակներ և հատուկ նշանակության ուժեր:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում կիրառվելու են նորագույն՝ այդ թվում արբանյակային միջոցներ, փորձարկվելու են զորքերի անընդհատ ղեկավարման, փոխգործակցության, տվյալների փոխանցման և իրավիճակային արագ որոշումների կայացման ունակությունները:
Հատկանշական է, որ բանակի կողմից վարժանքներին արբանյակային միջոցների կիրառման մասին սա, գոնե հայտարարությունների մակարդակով, առաջին վկայությունն է:
Կարելի է ենթարդել, որ զորավարժությունը միտված է ստուգել զորքերի կառավարումը և գործողությունների վերահսկումը նոր միջոցների առկայությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելել էր Ադրբեջանի բանակի արբանյակային կապի ղեկավարման կենտրոն, ինչը նման կենտրոնի գոյության մասին պաշտոնական առաջին բաց վկայությունն էր:
Կենտրոնին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Հակված ենք կարծելու, որ Ադրբեջանի բանակում արբանյակային կապի ղեկավարման միջոցները նոր են, և ներդրվել են վերջին երկու ամսվա ընթացքում: