Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի կարևոր ռազմական օբյեկտները։ Այս անգամ կանդրադառնանք Ադրբեջանի ԶՈւ արբանյակային կապի ղեկավարման կենտրոնին:
Ինչպես երեկ հայտնել էինք, Ադրբեջանի բանակում գործում է արբանյակային կապի ղեկավարման կենտրոն, որտեղ էլ այցելել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Կենտրոնը տեղակայված է Բաքվից հյուսիս-արևմուտք ընկած «Ջեյրանբաթան» ջրամբարի հարավային մասի մոտ զորամասում:
Զորամասի շենք-շինությունները մնացել են դեռ Խորհրդային Միությունից, իսկ Ադրբեջանի անկախացումից հետո այստեղ, ըստ ամենայինի, շարունակել է գործել կապի զորամաս, որը ենթակա է կապի վարչությանը:
Համալիրը նախատեսված է արբանյակային կապի միջոցով ադրբեջանական ստորաբաժանումների միջև տվյալների փոխանակումը ապահովելու համար: Հագեցած է թուրքական ռազմարդյունաբերական Aselsan ընկերության արտադրության ինչպես ստատիկ, այնպես էլ դյուրակիր կապի կայաններով:
Դատելով արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունից՝ զորամասը արբանյակայինի կապի և ղեկավարման համար անհրաժեշտ ստատիկ կայանով համալրվել է, ամենայն հավանականությամբ, այս տարվա օգոստոսի երկրորդ կեսից հետո:
Նույն ժամանակահատվածում զորամասում ընթացել են նաև վերանորոգման աշխատանքներ, և ավելացել են հարակից որոշ փոքր շինություններ:
Բացի արբանյակային կապի հնարավորություններից, զորամասում կան նաև ռադիոկապի ապահովման շարժական կայաններ, հաղորդակցման միջոցների սպասարկման և վերանորոգման կենտրոն, ինչպես նաև պահեստ: