Սեպտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ 2016թ․ Вертолеты России հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերության միջև կնքված պայմանագրով Ադրբեջանում արդեն գործում է ռուսական ռազմական ուղղաթիռների սպասարկման կենտրոնը։
Այս մասին Բաքվի ADEX-2018 ցուցահանդեսին հայտնել է ռուսաստանյան ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«․․․ Այս տարվա հունիսին մենք Silk Way ընկերության հետ վերանորոգեցինք իրենց ուղղաթիռներից մեկը։ Այժմ քննարկվում է երկրորդ ուղղաթիռի վերանորոգումը․․․»,- նշել է Չեչիկովը։
Նա նաև հայտնել է, որ այժմ ուսուցանվում է անձնակազմը, ինչպես նաև ծրագրվում է նոր սարքավորումների մատակարարում, կենտրոնը առայժմ նախատեսված է տեղային վերանորոգման համար, եթե զարգացվի, ապա կարող է դառնալ սպասարկման և վերանորոգման լիարժեք կետ։
Հիշեցնենք, որ 2016թ․ սեպտեմբերի 27-ին երկու ընկերությունները կնքել էին Բաքվում ռուսաստանյան արտադրության Մի-8/17 ուղղաթիռների սպասարկման կենտրոնի կառուցման համաձայնագիր։ Նշվում էր, որ հետագայում կենտրոնի տեխնիկական համալրման դեպքում հնարավոր է այնտեղ սպասարկվեն նաև ռուսաստանյան արտադրության այլ ուղղաթիռներ ևս։
Իսկ 2017թ․ նոյեմբերին հայտնի դարձավ, որ ռուսական ընկերությունը Silk Way ընկերությանը տրամադրում է ՌԴ արտադրության բոլոր տեսակի, այդ թվում նաև ռազմական ուղղաթիռների վերանորոգման արտոնագիր:
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կենտրոնում պետք է սպասարկվեին և վերանորոգվեին մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, պետական սահմանապահ ծառայության, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի սպառազինությունում առկա ուղղաթիռները: