«Պատիվ ունեմ»-ով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ

«Պատիվ ունեմ» ծրագրով այս պահին պայմանագիր է կնքել ավելի քան 240 ուսանող։ Սակայն ասել, որ այդքանն էլ մնալու են ծրագրում, ճիշտ չի լինի, որովհետևընթացքում թիվը կարող է պակասել՝ պայմանավորված որոշ ուսանողների՝ բուհից դուրս մնալով,  այլ խնդիրներով։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ԶՈւ գնդապետ Սուջյանը։ 

Երկրորդ կուրսեցիները արդեն հաճախում են ՌՈւՀ։ Գնդապետի խոսքով՝ այս պահին անցկացվում է «Պատիվ ունեմ» ծրագրի երկրորդ փուլ, բուհերին գրություններ են ուղարկվել, նոր  թեկնածուներ են հավաքվում.

«Սա պայմանավորված է դիմումների մեծ քանակով, մարդիկ չէին իմացել, որ այսպիսի ծրագիր կա, հիմա իրենց ընդառաջ ենք գնում, նախատեսվում է որոշման մեջ համապատասխան փոփոխություն անել՝ կազմը ավելացնելու համար։ Երկրորդ փուլով կհավաքագրվեն միայն առաջին կուրսեցիները, որոնք սպայական դասերի կգնան մյուս տարվանից»,-բացատրեց գնդապետը։

Ավելի վաղ հունիսին Ռազմինֆոն հայտնել էր, որ  «Պատիվ ունեմ»-ով ծառայելու ցանկություն է հայտնել 271 զորակոչիկ, սակայն դեռ պայմանագիր չէր կնքվել։

Ծրագրի մասնակիցները ընտրվում են մրցույթով։ Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է զինվորական պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվաքանակը։ Ինչից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնը անցկացնում է մրցույթ։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2018-2019 ուստարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացվում է ՀՀ ՊՆ համար անհրաժեշտ 500 տեղ: 

450 տեղ հատկացվում է հետագայում դասակի հրամանատարի պաշտոնում ծառայելու համար՝  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում` հրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ:

50 տեղ հատկացվում է հետագայում բժշկական պաշտոնում ծառայելու համար՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` բուժական գործ մասնագիտությամբ:

Նշենք, որ ծրագրի մասնակիցը ունի բուհում անվճար սովորելու և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։

3 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *