«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայություն անցնելու պայմանագրի նախնական օրինակը հրապարակվել է e-draft.am կայքում, որը նախագծերի հանրային քննարկման համար է: Ներկայացնում ենք պայմանագրի հիմնական կետերը։
[Լրացում] Փաստաթուղթն ընդունվել է:
Ծրագրի մասնակիցը ունի բուհում անվճար սովորելու և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։
3 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։
Զորակոչիկը պարտավոր է անցնել զինվորական պատրաստություն, պահել ՌՈւՀ-ի կարգ ու կանոնը: Նախարարության կողմից պարտավորությունների խախտման դեպքում նա իրավունք ունի բողոքարկել պաշտպանության նախարարին կամ դատարան:
Բացի զորքերում դասակների հրամանատարների պաշտոններում ծառայելուց, քաղաքացին իրավունք ունի նաև ծառայել բժշկական պաշտոնում, ուսումից և զինպատրաստությունից հետո նա գործուղվելու է կլինիկական ռեզիդենտուրա և դրա ավարտից հետո, լեյտենանտի կոչում ստանալով, նշանակվելու է համապատասխան պաշտոնի։
Պայմանագրից հրաժարվելու, բուհում ուսումից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառների ազատվելու դեպքում 1 ամսվա ընթացքում պարտավորվում է միանվագ վճարել բուհում իր ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը՝ որպես հրաժարագին։ Հրաժարագնի 50 տոկոսը բուհը վերադարձնում է պետբյուջե, 10 տոկոսը՝ ՊՆ
արտաբյուջետային հաշիվ, իսկ 40 տոկոսը տնօրինում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Զինպատրաստությունից ազատվում/հեռացվում են.
- սեփական կամքով,
- քաղաքացիական բուհից անկախ պատճառներից ազատվելու և հեռացվելու դեպքում,
- մեկ ուստարվա ընթացքում անկախ պատճառներից 32 ակադեմիական ժամից ավելի բացակայելու դեպքում,
- դասընթացի ավարտին 30 օր տևով հավաքին 3 օրից ավելի չմասնակցելու դեպքում,
- ՌՈւՀ ներքին կարգ ու կանոնը չպահպանելու պատճառով,
- զինդասընթացի միջանկյալ ստուգարքները, ավարտական քննությունները չհանձնելու դեպքում:
Զինվորական պատրաստությունը 2 տարի 6 ամսով է՝ բուհում ուսման 3-7 կիսամյակների ընթացքում: Մեկ օրվա դասընթացի տևողությունը չի կարող գերազանցել 7 ժամը:
Ծրագրի մասնակիցները ընտրվում են մրցույթով։ Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է զինվորական պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվաքանակը։ Ինչից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնը անցկացնում է մրցույթ։