Էրդողանն իր հերթին արգելափակում է ԱՄՆ 2 նախարարի սեփականությունը Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Էրդողանը,  ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, հրամայել է արգելափակել ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների սեփականությունը Թուրքիայում։  Այս մասին Էրդողանը տեղեկացրել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կանանց թևի օգոստոսի 4–ի համագումարի ժամանակ։

Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհյուրիեթ» պարբերականը։  

Էրդողանը մասնավորապես ասել է․

«Մենք մինչև երեկ երեկո համբերել ենք։ Այսօր ընկերներիս հրաման եմ տվել․ Ամերիկայի արդարադատության և ներքին գործերի նախարարների Թուրքիայում եղած սեփականությունը արգելափակում ենք․․․ Եթե հավատարիմ գործունեություն ենք ծավալում, ուրեմն եկեք անենք այն, ինչ հարկավոր է մեր համագործակցությանը։ Մենք Սոմալիում, Աֆղանստանում միասին չե՞նք։ Մենք ՆԱՏՕ-ում միասին լինելու համար միասին քայլ չե՞նք արել․․․»։

Նշենք, որ ԱՄՆ–ն օգոստոսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ՝ պահանջելով ետ վերադարձնել ԱՄՆ քաղաքացի, քահանա Էնդրյու Բրանսոնին, որը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենականների հետ կապի համար։

Երկու նախարարների ամբողջ գույքը, որը ԱՄՆ իրավասության տակ է, արգելափակվել է։ Արգելվել է նաև նախարարների մուտքը ԱՄՆ, իսկ Ամերիկայի քաղաքացիները չպետք է որևէ գործարքի մեջ մտնեն այս նախարարների հետ։

Իսկ օգոստոսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սինգապուրում ընթացող Հարավարևելյան Ասիայի պետությունների միության անդամ երկրների ԱԳ նախարարների ժողովի ընթացքում հանդիպել և քննարկել էին ԱՄՆ սահմանած պատժամիջոցները։

Նշենք նաև, որ ԱՄՆ—Թուրքիայի հարաբերությունների վերջին զարգացումները կապված են Թուրքիայում ձերբակալված ԱՄՆ քաղաքացի, քահանա Էնդրյու Բրանսոնի հարցի հետ։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենականների հետ կապի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *