Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են Թուրքիայի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները

Օգոստոսի 3-ին Սինգապուրում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ 

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումը եղել է Հարավարևելյան Ասիայի պետությունների միության անդամ երկրների ԱԳ նախարարների ժողովի ընթացքում։

Երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են երկու օր առաջ Թուրքիայի նախարարների նկատմամբ ԱՄՆ հայտարարած պատժամիջոցները։

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է.

«Քիչ առաջ հանդիպեցի Մայք Պոմպեոյի հետ։ …Հենց սկզբից հայտարարել ենք, որ մյուս կողմը սպառնալիքներով և պատժամիջոցներով ոչ մի բանի չի հասնի, այսօր էլ կրկնեցինք։ … Հանդիպմանը քննարկել ենք հարցերի լուծումը և գործողությունների ընթացքը։ Կարող եմ ասել, որ շատ կառուցողական հանդիպում է եղել, բայց մի հանդիպումով հարցը չի լուծվի։ Սակայն հետագայում միասին այս հարցի շուրջ աշխատելու համար համաձայնության եկանք»։

ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է, որ «Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները ցույց են տալիս քահանային վերադարձնելու ԱՄՆ լուրջ դիրքորոշումը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն օգոստոսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ՝ պահանջելով ետ վերադարձնել ԱՄՆ քաղաքացի, քահանա Էնդրյու Բրանսոնին, որը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենականների հետ կապի համար։

Երկու նախարարների ամբողջ գույքը, որը ԱՄՆ իրավասության տակ է, արգելափակվել է։ Արգելվել է նաև նախարարների մուտքը ԱՄՆ, իսկ Ամերիկայի քաղաքացիները չպետք է որևէ գործարքի մեջ մտնեն այս նախարարների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *