2014թ․ օգոստոսյան պատերազմը. հետադարձ հայացք

2010 թվականից հայ-ադրբեջանական հակամարտությունը մտավ լարվածության նոր փուլ. ադրբեջանական կողմը սկսեց ակտիվացնել դիվերսիոն ներթափանցման փորձերը: Դիվերսիոն պատերազմի գագաթնակետը 2014թ. օգոստոսյան մարտերն էին: Դրանցից հետո լարվածության էսկալացիան աստիճանաբար աճեց՝ ներառելով ականանետեր, հրետանա-հրթիռային համակարգեր, և 2016թ. ապրիլին վերածվեց լայնածավալ մարտական գործողությունների։

Կրկին ուսումնասիրելով օգոստոսյան պատերազմը՝ 4 տարի անց բացահայտել ենք ադրբեջանական կողմի թաքցրած առնվազն երկու կորուստ, 1 թաքցրած կորուստ էլ հայտնաբերել էինք դեռ 2016թ․: Վերլուծությունը կատարել ենք կողմերի պաշտոնական հայտարարություններից (այդ թվում ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներից), լրատվամիջոցներից, այլ բաց աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա:


Իրավիճակն առաջնագծում մինչ օգոստոսյան մարտերը

Մինչ օգոստոսյան մարտերն էլ առաջնագծում անհանգիստ էր: 2014թ․ հուլիսի 1–30 ժամանակամիջոցում մարտական իրավիճակներում Ադրբեջանի ԶՈւ-ն ունենում է 4 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 4 զոհ:

Բացի այդ հուլիսի 9-ին հայկական լրատվամիջոցներում լուր տարածվեց Քարվաճառի տարածք ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին։ Մի քանի օր տևած որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվեց, երկուսը ձերբակալվեցին ։

Այդ ընթացքում նրանք հասցրել էին առևանգել և սպանել Քարվաճառի շրջանից 17-ամյա Սմբատ Ցականյանին, սպանել մայոր Սարգիս Աբրահամյանին և ծանր վիրավորել 1977 թվականի ծնված Կարինե Դավթյանին։

Ադրբեջանը հայտարարեց, որ նշված անձինք «խաղաղ բնակիչներ են, որոնք եկել էին իրենց նախնիների գերեզմաններ այցելության»։ Ու թեպետ առ այսօր էլ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ այդ 3 զինված անձինք քաղաքացիականներ են, սակայն նրանց մոտ հայտնաբերվեց նաև Քարվաճառի զորամասերից մեկի զորավարժության տեսագրություն:

Ձերբակալված ադրբեջանցի զինյալներից Դիլգամ Ասկերովը

Ձերբակալված ադրբեջանցի զինյալներից Դիլգամ Ասկերովը

Հետագա զարգացումները հիմք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմը փորձում էր հայկական կողմից զինծառայողներ առևանգել, գերեվարած ադրբեջանցիների հետ փոխանակելու համար։

Հուլիսի լույս 26-ի գիշերը ադրբեջանցիները հարձակում ձեռնարկեցին, որի հետևանքով Մարտակերտի ուղղությամբ զոհվեց ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Լևոնի Բադասյանը:

Հուլիսի լույս 30-ի գիշերը, առաջնագծի հարավային հատվածում ականի պայթյունից զոհվել էր կապիտան Արմեն Յուրիի Հայրապետյանը, ինչի մասին օգոստոսի 19-ին հայտնեց այն ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:


Օգոստոսյան պատերազմի ընթացքում ադրբեջանական հայտնի կորուստների քարտեզ. նշել ենք զինծառայողների մահվան կամ վիրավորման օրերը և մոտավոր ուղղությունները։ Քարտեզից պարզ է դառնում, որ ամենամեծաթիվ կորուստները հակառակորդն ունեցել է Աղդամի ուղղությամբ․

* Մանրամասն տվյալների համար սեղմե՛ք նշանների վրա։

Հուլիսի 31

Ըստ էության օգոստոսյան պատերազմի առաջին հարձակումը հուլիսի 31-ին էր: ՊԲ-ն հայտնում էր.

«Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ»:

Հարձակման մանրամասները

Ըստ Էդգար Էլբակյանի «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի՝ հուլիսի 31-ին ադրբեջանական հատուկջոկատայինները Մարտակերտի ուղղությամբ հարձակվեցին դիրք հաց բերելու համար դեպի մեքենան գնացող մեր զինծառայողների վրա:

Այս միջադեպի մասին ռեպորտաժում Հ1 լրագրող Արթուր Գրիգորյանը նշում է, որ «Եղնիկների» տեղանքում կան դժվարանցանելի հատվածներ, որտեղ հասնելով՝ հացի մեքենան մի քանի հենակետների համար հաց է թողնում, իսկ դիրքապահները հետո գալիս, վերցնում են այն:

Այդ օրը նույնպես 4 զինծառայող գնում են հաց բերելու: Ըստ այդ մարտում վիրավորված Նորայր Քամալյանի՝ թշնամին նույնպես 4 հոգով է լինում։ Մեր կողմից առջևից գնում է շարքային Նորայր Քամալյանը, երկրորդը՝ շարքային Ազատ Ասոյանը, հետո՝ սերժանտ Արարատ Խանոյանը և շարքային Մռազ Մամոյանը: Նրանցից 2–3մ հեռու էլ՝ թփերի մեջ դարանակալած են լինում ադրբեջանցի դիվերսանտները:

Կադր «Նորայր Քամալյան. ‬տղաների սխրագործությունը «Եղնիկներ»-ում» ռեպորտաժից

Կադր «Նորայր Քամալյան. ‬տղաների սխրագործությունը «Եղնիկներ»-ում» ռեպորտաժից

Մեր տղաներից զինված է եղել միայն Մռազ Մամոյանը: Նորայրը, Ազատը և Արարատը ձեռնամարտի են բռնվում դիվերսանտների հետ, իսկ Մռազը օգնություն կանչելու նպատակով մի քանի անգամ օդ է կրակում:

Մարտի ընթացքում ստացած ծանր վնասվածքներից զոհվում են սերժանտ Խանոյանը և շարքային Ասոյանը: Քամալյանը ծանր վիրավորվում է: Ադրբեջանցի դիվերսանտները նահանջում են:

Ըստ զորամասի հրամանատարի տեղակալ Արամ Բալայանի՝ «ադրբեջանցի դիվերսանտների նպատակն է եղել մեր տղաներին գերի վերցնելը՝ փոխանակելու նպատակով», այլապես նրանք ձեռնամարտի չէին բռնվի, այլ միանգամից կրակ կբացեին:

Նույն օրը՝ հետախուզությունից վերադառնալիս, ծառայակցի պատահական կրակոցից զոհվում է նաև լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյանը, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 2-ին հետմահու պարգևատրեց արիության մեդալով։

Իր հերթին, հուլիսի 31-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց երկու սպանվածի մասին.

  • Ահմեդով Ղարյաղդը Էլդար օղլու (Əhmədov Qaryağdı Eldar oğlu), պայմանագրային զինծառայող, շարքային, 1992թ. ծնված: Սպանվել է հուլիսի 31-ին Ակնայի (Աղդամ) Չրաքլի գյուղի մոտ, հուղարկավորվել՝ օգոստոսի 1-ին՝ Ակնայի Գուզանլի գյուղում:
  • Ալմազով Իսա Զիյադ օղլու (Almazov İsə Ziyad oğlu), պայմանագրային զինծառայող, ենթասպա, ծնված՝ 1977թ.: Սպանվել է Ղազախի ուղղությամբ, հուլիսի 31-ի երեկոյան ժամը 20:00-ին, հուղարկավորվել՝ օգոստոսի 1-ին իր ծննդավայրում՝ Ղազախի Ջեֆերլի գյուղում:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հուլիսի 31-ին որևէ բան չհայտնեցին այդ օրը վիրավորվածների մասին, սակայն հաջորդ օրը որոշ լրատվակայքեր հայտնեցին, որ հուլիսի 31-ին Գորանբոյի ուղղությամբ վիրավորված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ասկերով Էլվին Մայիլ օղլուն (Əsgərov Elvin Mayıl oğlu) մահացել է հոսպիտալում։

Այնուամենայնիվ մի քանի օրից Ասկերովին ցույց տվեցին հեռուստատեսությամբ․ հոսպիտալից նա պատմում էր իր վիրավորման մասին: Իսկ օգոստոսի 9-ին տարածվում է Ասկերով Էլվինի և այդ օրերին առաջնագծում վիրավորված ևս երկու զինծառայողի բուժման նպատակով Թուրքիա մեկնելու մասին տեսանյութը: 2014թ․ նոյեմբերին էլ նրանք վերադառնում են Թուրքիայից: Այսպիսով, Ասկերով Էլվինը չէր զոհվել և համարվում է հուլիսի 31-ի վիրավոր:

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ ուղարկած զեկույցներում հուլիսի 31-ի վերաբերյալ նշվում է Ակնայի (Աղդամ) ու Ղազախի ուղղություններով զոհված՝ 2, և Գյուլիստան գյուղի (Գորանբոյի շրջան) ուղղությամբ վիրավորված մեկ զինծառայողի մասին.

ՄԱԿ - ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի հուլիսի 31-ին

ՄԱԿ ” ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի հուլիսի 31-ին

Հակված ենք համարելու, որ Ակնայի ուղղությամբ զոհված զինծառայողը Ահմեդով Ղարյաղդն է, Ղազախի ուղղությամբը՝ Ալմազով Իսան, իսկ Գորանբոյի ուղղությամբ վիրավորն էլ Ասկերով Էլվինն է:

Ամփոփում. համադրելով տվյալները՝ օգոստոսյան մարտերի առաջին օրվա հետևյալ պատկերն ենք ստանում․

  • ադրբեջանցի 4 դիվերսանտներ Մարտակերտի ուղղությամբ իրականացնում են դիվերսիոն հարձակում, ինչի հետևանքով հայկական կողմը 2 զոհ և 1 վիրավոր է ունենում;
  • օրվա ընթացքում հայկական գնդակներից ադրբեջանական կողմը ևս տարբեր ուղղություններով ունենում է 2 սպանված և 1 վիրավոր։

Oգոստոսի 1

Ի պատասխան նախորդ օրը հակառակորդի հարձակմանը՝ հայկական կողմը պատժիչ գործողություն իրականացրեց։

Լրագրող Աննա Բալյանի ռեպորտաժում մեր հետախույզներից մեկը պատմում է օգոստոսի 1-ի գործողության մանրամասները.

«Մոտեցանք և կազմակերպեցինք ընթացքում դարանակալում, որի ժամանակ [թշնամու] ավտոմեքենան ընկավ դարանի մեջ և բոլոր մեր զենքերից բացեցինք կրակ և ոչնչացրեցինք։ Մի հատ մեքենա և 8 զինծառայող»։

Լրագրողը պատմում է.

«Թշնամու սակրավորներն են եղել։ Օգոստոսի 1-ին ականապատման աշխատանքներ են կատարել։ Մեր տղաները ներթափանցել են թիկունքից, հետևել մինչև բոլորը հավաքվեն։ Մի խումբը սպասել է հետդարձն ապահովելու համար, մյուսը՝ մինչև 5մ մոտեցել ավտոմեքենային, կրակ բացել, նռնակը նետել ու աջակցության խմբի կրակի վահանի տակ հետ եկել»

Աննա Բալյանը մեկ այլ ռեպորտաժում պատմում է նաև օգոստոսյան օրերին գործող հետախույզների մասին։

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց եռօրյա մարտերում սպանված և հետմահու պարգևատրվածների անվանացանկը: Մենք պարզեցինք, թե կոնկրետ որոնք էին օգոստոսի 1-ի կորուստները.

  • Փոլադով Վյուգար Հիդայեթ օղլու (Poladov Vüqar Hidayət oğlu)
  • Իբրահիմով Էլնուր Մահյադդին օղլու (İbrahimov Elnur Məhyəddin oğlu)
  • Աբդուլով Հյուսեյն Էթիբար օղլու (Abdulov Hüseyn Etibar oğlu)
  • Մամմեդով Սաֆթար Ալիհյուսեյն օղլու (Məmmədov Səftər Əlihüseyn oğlu)
  • Ռահիմով Ալի Ֆեթուլլա օղլու (Rəhimov Əli Fətulla oğlu)
  • Ջոշգունով Մուստաֆա Էհմեդջան օղլու (Coşqunov Mustafa Əhmədcan oğlu)

Ինչպես կարողացանք ճշտել ադրբեջանական տվյալներից և սոցցանցերից, Փոլադովը զոհվել էր Թարթառի ուղղությամբ։ Մնացածը զոհվել են Ակնայի ուղղությամբ, սակայն Սաֆթար Մամեդովի համար սոցցանցերից հայտնի է ոչ միայն ուղղությունը, այլ նաև կոնկրետ հատվածը՝ Յուսիֆջանլի գյուղը։

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներում ևս՝ օգոստոսի 1-ի համար 6 սպանված զինծառայող է հիշատակվում, սակայն ուշագրավ է, որ այս փաստաթղթում ոչ թե մեկ, այլ երկու զինծառայողի զոհվելու ուղղությունն է նշված Թարթառ։

Ավելին, ԱԳՆ-ի ցուցակում խոսք չկա Յուսիֆջանլի գյուղում զոհվածի մասին։

Ենթադրենք, որ ՊՆ ցուցակից Իբրահիմովը, Աբդուլովը, Ռահիմովը և Ջոշգունովն զոհվել են Քենգերլիում մեր պատժից գործողությունից, ինչպես նաև, որ ՊՆ ցուցակից Փոլադովը՝ ԱԳՆ ցուցակում նշված Թարթառում սպանված երկու հոգուց մեկն է։ Այդ դեպքում ստացվում է, որ Թարթառում կա առնվազն ևս մեկ սպանված, որի մասին ՊՆ-ն չի հայտնել, և որի անունը մնում է անհայտ մեզ համար։

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի օգոստոսի 1-ի վերաբերյալ

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի օգոստոսի 1-ի վերաբերյալ

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի օգոստոսի 1-ի վերաբերյալ

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի օգոստոսի 1-ի վերաբերյալ

Ինչ հաջողվեց պարզել. Օգոստոսի 1-ին Ադրբեջանն առնվազն 7 սպանված է ունեցել, որից մեկի մասին չի հայտնել։ Հայկական կողմը նույն օրը զոհեր չի ունեցել։

Օգոստոսի 1. վիրավորներ

Ադրբեջանական լրատվամիջոցներում նշվում էր օգոստոսի 1-ին 4-5 վիրավորի մասին, սակայն առանց մանրամասների: ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցից հայտնի է դառնում օգոստոսի 1-ին 4 վիրավորվածի մասին: Դրանցից 3-ը վիրավորվել են Ակնայի (Աղդամ) Քենգերլի գյուղի մոտ, 1-ը՝ Խոջավենդի (այսինքն Մարտունու) ուղղությամբ:

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի օգոստոսի 1-ի վերաբերյալ

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի օգոստոսի 1-ի վերաբերյալ

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի օգոստոսի 1-ի վերաբերյալ

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ.-ի օգոստոսի 1-ի վերաբերյալ

Բոլոր այս վիրավորների մասին մանրամասն տվյալներ հայտարարված չեն: Նշանակում է, որ անհայտ են օգոստոսի 1-ին վերաբերող չորս զինծառայողների անունները, սակայն.

  • Օգոստոսի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայող Անար Գարազադե Վիդադի օղլուն (Qarazadə Anar Vidadi oğlu): Ըստ ադրբեջանական լրատվակայքերի այս զինծառայողը վիրավորվել էր օգոստոսի լույս 1-ի գիշերը Ակնայի ուղղությամբ «հայկական կողմի հատուկ նշանակության խմբերի հարձակում կանխելիս»: Կարող ենք ենթադրել, որ ԱԳՆ զեկույցում Ակնայի ուղղությամբ Քենգերլի գյուղի մոտ 3 վիրավորվածներից մեկը հենց Անար Գարազադեն էր։
  • Ավելի ուշ Razm.info-ի թիմը պարզեց ևս մեկ վիրավորի անուն․ հատուկջոկատային Ասկերով Զամիգ Զահիր օղլու (Əsgərov Zamiq Zahir oğlu): 2018թ մայիսի 24-ին Հեյդար Ալիևի անվ․ հիմնադրամը հրապարակեց տեսանյութ վիրավոր հատուկջոկատայինների պրոտեզավորման մասին: Տեսանյութում Ասկերովը պատմում է, որ «վիրավորվել է 2014թ․ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը՝ հայերի տեղադրած ականի պայթյունից և կորցրել է աջ ոտքը»:
2014թ.-ի օգոստոսի 1-ին վիրավորված հատուկջոկատային Ասկերով Զամիգ Զահիր օղլուն (Əsgərov Zamiq Zahir oğlu)

2014թ.-ի օգոստոսի 1-ին վիրավորված հատուկջոկատային Ասկերով Զամիգ Զահիր օղլուն (Əsgərov Zamiq Zahir oğlu)

Կարելի է ենթադրել, որ հատուկջոկատայինը վիրավորվել է տապալված դիվերսիոն գործողության հետևանքով՝ պայթելով հայկական դիրքերի մոտ ականապատ դաշտում։ Նշենք, որ ԱԳՆ-ի զեկույցներում չեն հիշատակվում ականների վրա պայթածները, այսինքն Ասկերովը այդ օրը վիրավորված մեզ հայտնի հինգերորդ մարդն է։

Ամփոփում. Այսպիսով 2014թ. օգոստոսի 1-ի վերաբերյալ հայտնի է Ադրբեջանի ԶՈւ 7 սպանված և 5 վիրավոր (ԱԳՆ-ից հայտնի՝ 4 + մեր հայտնաբերած 1 հատուկջոկատային) զինծառայողի մասին:


Օգոստոսի 2

Այդ օրը՝ հավանաբար փորձելով պատասխանել օգոստոսի 1-ի հայկական պատժիչ գործողությանը, ադրբեջանական կողմը մի քանի հարձակում կազմակերպեց։

Նախ՝ օգոստոսի լույս 2-ի գիշերը հարձակվեց Մարտակերտի և այլ ուղղություններով: ՊԲ հաղորդագրությունում նշվում էր․

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ․․․ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ են շպրտել իրենց ելման դիրքեր: ․․․ Կորուստ է ունեցել նաև հայկական կողմը ․․․ մարտիրոսվել է Զորիկ Ժիրայրի Գևորգյանը ․․․

Հարկ է նաև նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Մարտում զոհվել էր ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը։ Բացի այդ նույն օրը ՊԲ մամուլի ծառայությունը հայտնեց ևս 3 վիրավորի մասին, ընդ որում այդ օրը վիրավորված կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը մահացավ հոսպիտալում հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին:

Իր հերթին Ադրբեջանի ՊՆ-ն փորձեց հերքեց ՊԲ հայտարարությունը՝ պնդելով, որ հենց հայկական կողմն է հարձակվել Ակնա-Մարտակերտ (Ağdam-Ağdərə) ուղղությամբ, և հրապարակեց 4 սպանվածի անուն.

  • Ալիև Փերվին Սալահադդին օղլու (Əliyev Pərvin Səlahəddin oğlu), հատուկջոկատային, ենթասպա, 1980թ. ծնված: Սպանվել է Ակնա-Մարտակերտ ուղղությամբ:
  • Հյուսեյնով Ռահիլ Էֆսեր օղլու (Hüseynov Rahil Əfsər oğlu), հատուկջոկատային, կրտսեր ենթասպա, 1986թ. ծնված:  Սպանվել է Ակնայի ուղղությամբ:
  • Էհմեդով Էլչին Ռասիմ օղլու (Əhmədov Elçin Rasim oğlu), հատուկջոկատային, կրտսեր ենթասպա, 1989թ. ծնված: Սպանվել է Ակնայի ուղղությամբ:
  • Գուլիև Սենան Գեյրեթ օղլու (Quliyev Sənan Qeyrət oğlu), պայմանագրային զինծառայող, շարքային, 1991թ. ծնված: Սպանվել է Ակնայի ուղղությամբ:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնապես հայտնած այդ 4 կորստի մասին ՄԱԿ-ին ԱԳՆ զեկույցներում որևէ տեղեկություն չկա: Հաշվի առնելով նաև, որ մեզ հայտնի ադրբեջանցի 4 սպանվածներից 3-ը հատուկջոկատայիններ էին, կարող ենք եզրակացնել, որ ԱԳՆ զեկույցներում նրանց չներառելու պատճառը այն էր, որ դա եղել է ադրբեջանական կողմի կազմակերպած, բայց տապալված դիվերսիա։

Նույն օրվա ուշ երեկոյան Արցախի ՊԲ-ն հաղորդեց ժամը 23։00-ին ադրբեջանական հարձակման ևս մեկ տապալված փորձի մասին, այս անգամ «Ասկերանի ուղղությամբ»։ Ըստ ՊԲ–ի՝ ադրբեջանական կողմը 1 սպանված էր տվել, սակայն ուսումնասիրության ընթացքում այս դիվերսիայի վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից այդպիսի զոհի կամ վիրավորի մասին տվյալներ գտնել չկարողացանք։

Այդ դիվերսիայի մասին լրագրող Աննա Բալյանի ռեպորտաժում պատմում են հարձակումը կանխած զինծառայողները․

Ամփոփում. Այսպիսով, օգոստոսի 2-ին ադրբեջանական կողմը իրականացրել է առնվազն 4 հարձակում տարբեր ուղղություններով: Ադրբեջանական կողմը ունեցել է 4 սպանված, հայկական կողմը՝ 1 զոհ և 3 վիրավոր (որոնցից մեկը մահանում է հաջորդ օրը):


Օգոստոսի 3

Օգոստոսի 3-ին լարվածությունը չնվազեց։ ՊԲ-ն հայտնում էր.

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ իրադրությունը շարունակել է մնալ լարված: Իրավիճակը մարտականին մոտ էր հատկապես Ասկերանի ուղղության սահմանահատվածում, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվել և վերջինս մարտադաշտում թողնելով առնվազն մեկ սպանված ասկյար` հետ էր շպրտվել: Սակայն ողջ գիշերվա ընթացքում շփման գոտու այդ հատվածում դիրքային մարտը շարունակվել է: Հակառակորդին հաջողվել է մեծ ուժերի ներգրավմամբ և տարբեր զինատեսակների կիրառման արդյունքում միջդիրքային չեզոք գոտուց հանել իր ասկյարի դիակը: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների, այդ գործողության արդյունքում ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ:

Նույն օրը սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ Գյանջայի զինվորական հոսպիտալում մահացել է զինծառայող Խուդաև Բահրուզ Միրդամաթ օղլուն (Xudayev Bəhruz Mirdamət oğlu): Սակայն որոշ ժամանակ անց ադրբեջանցի մի քանի օգտատերեր հայտարարեցին, որ նկարում պատկերված տղան «ողջ է և նույնիսկ զինվոր չէ ներկա պահին»: Այս պատճառով Խուդաևին չենք ընդգրկում կորուստների ցանկում, թեպետ ցանկացած դեպքում չենք կարող բացառել, որ այդ կամ ուրիշ անունով կորուստ ունեցել են:

Ավելին, օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն ոչ մի տեղեկություն չհայտնեց բախման մասին:

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներում նշվում է, որ այդ օրը Աղդամի ուղղությամբ հայկական կողմը կիրառել է հակատանկային նռնականետ (RPG), ինչից կարելի է ենթադրել, որ նշված ուղղությամբ մարտ ամեն դեպքում եղել է։ Սակայն այս զեկույցներում նույնպես որևէ կորստի մասին չեն հայտնում.

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2014թ․ օգոստոսի 3-ի վերաբերյալ

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2014թ․ օգոստոսի 3-ի վերաբերյալ

Ամփոփում. Այսպիսով, ելնելով Արցախի ՊԲ և Ադրբեջանի ԱԳՆ տվյալներից կարող ենք ասել, որ օգոստոսի 3-ի լույս գիշերը իրավիճակը սահմանին շարունակել է լարված մնալ: Հիմնական բախումները եղել են Ասկերանի ուղղությամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս օրվա մարտերում ո՛չ հայկական և ո՛չ ադրբեջանական կողմը նոր կորուստներ չեն ունեցել, սակայն նախորդ օրը ստացած վնասվածքից մահանում է ՊԲ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը։


Օգոստոսի 4-9

Թեպետ օգոստոսի 4-ին հակառակորդի որևէ հարձակման մասին մեզ հայտնի չէ, այնուամենայնիվ հրադադարի խախտումները շարունակվում էին: Մռավում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվեց պայմանագրային զինծառայող, 1971թ․ ծնված Արամ Մկրտչի Գրիգորյանը:

Նույն օրը, բացի օգոստոսի 1-ին վիրավորված և ամսի 4-ին հոսպիտալում մահացած Անար Գարազադեի մասին հայտարարությունից, Ադրբեջանի ՊՆ-ն այլ կորուստների մասին չէր հայտնել:

Սակայն ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներից պարզ դարձավ, որ այդ օրը Ադրբեջանի ԶՈւ-ն ունեցել է ևս մեկ չհայտնած կորուստ դիպուկահարի կրակոցից Գորանբոյի ուղղությամբ: Այսինքն Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել է օգոստոսի 4-ի ևս 1 կորուստ։ Այլ մանրամասներ պարզել չհաջողվեց.

ՄԱԿ -ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2014թ. Օգոստոսի 4-ի վերաբերյալ

ՄԱԿ -ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2014թ. Օգոստոսի 4-ի վերաբերյալ

Օգոստոսի 5-ին առաջնագծում շարունակվում էին հրադադարի խախտումները: ՊԲ-ն հաջորդ առավոտյան հայտնեց, որ օգոստոսի 5-ին ժամը 23:00-ի շրջանում ադրբեջանական կողմը փորձել է իրականացրել հերթական դիվերսիան, այս անգամ Աղդամ–Մարտունի հատվածում, Յուսիֆջանլի գյուղի ուղղությամբ: Ըստ ՊԲ-ի՝ ադրբեջանական կողմը ուներ մեկ զոհ՝ Սահիլ  Յաշարօղլու Թառլանլի (Tərlanlı Sahil Yaşar oğlu):

Ադրբեջանական մամուլում մի քանի ժամ հետո սպանվածի մասին լուրը հաստատվեց, սակայն նշվել էր, որ զինծառայողը մահացել է օգոստոսի 6-ի առավոտյան Ակնայում՝ «անհայտ պայմաններում»: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց հրազենային վիրավորումից մահվան փաստը, սակայն չնշելով խոսքը մարտական, թե ոչ մարտական կորստի մասին է։ Նշվել է միայն, որ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներում նշվում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 02։20-02։45–ի սահմաններում Յուսիֆջանլի գյուղի ուղղությամբ հայկական կողմը կիրառել է գնդացիր (RPK), ինչից կարող ենք ենթադրել, որ գյուղի ուղղությամբ այնուամենայնիվ մարտ եղել է, չնայած սպանվածների կամ վիրավորների մասին չեն հայտնում․

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ․ օգոստոսի 6-ի վերաբերյալ

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ․ օգոստոսի 6-ի վերաբերյալ

Ավելի ուշ՝ առավոտյան ժամը 7:30-ի համար ԱԳՆ հայտնում է Աղդամի շրջանի Բաշ Գարվենդ գյուղի ուղղությամբ դիպուկահարի կրակոցից սպանված մեկ ադրբեջանցի զինծառայողի մասին.

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ․ օգոստոսի 6-ի վերաբերյալ

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ․ օգոստոսի 6-ի վերաբերյալ

Այստեղ կարող ենք քննարկել երկու տարբերակ․ կա՛մ ԱԳՆ զեկույցում հիշատակված սպանված զինծառայողը հենց Թառլանլին է, այսինքն այդ ուղղությամբ մարտերից ամեն դեպքում ադրբեջանական կողմը ունեցել է մարտական կորուստ, կա՛մ Թառլանլին ոչ մարտական կորուստ է, իսկ ԱԳՆ զեկույցում նշված՝ դիպուկահարի կրակոցից առավոտյան մահացած զինծառայողը Ադրբեջանի ՊՆ թաքցրած կորուստ է։ Այսինքն հնարավոր է, որ օգոստոսի 6-ին ադրբեջանական կողմը ունեցել է 2 կորուստ։

Մենք ցանկացած դեպքում հակված ենք կորուստը թաքցված համարելու, քանի որ որևէ բան հայտարարված չի եղել դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողի մասին։

Օգոստոսի 7-ին առաջնագծում ակտիվ փոխհրաձգության հետևանքով վիրավորվում  է ՀՀ ԶՈւ զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը: Այս օրվա վերաբերյալ ադրբեջանական կողմից որևէ կորուստ հայտնի չէ:

Նույն օրը սխալմամբ Ադրբեջանի տարածք է անցնում ու գերի ընկում Տավուշի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը։ Նա թեյում ու զրուցում է ադրբեջանցի գյուղացիների հետ, որոնք հետո հեռախոսով նկարահանած տեսանյութը փոխանցում են ադրբեջանցի մի լրագրողի։ Նյութում հստակ երևում էր, որ Պետրոսյանը քաղաքացիական հագուստով է, զինված չէ, ինչպես հետո փորձեց ներկայացնել պաշտոնական Բաքուն։

Գյուղացիները հանձնում են Կարենին իշխանություններին։ Արդեն նրանց հրապարակած տեսանյութում Կարենի հագին զինվորական քողարկանախշով հագուստ է։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Չինարիի բնակիչը հայ դիվեսանտ է, եկել է հետախուզության։

Ուշագրավ է, որ Կարեն Պետրոսյանին ձերբակալելու կադրերը նմանվում են Դիլգամ Ասկերովի ձերբակալման կադրերին։ Կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը ընդգծում էր իր գործողությունների «պատասխան» բնույթը։

Ադրբեջանցի զինվորականները ձերբակալում են գյուղացի Կարեն Պետրոսյանին

Ադրբեջանցի զինվորականները ձերբակալում են գյուղացի Կարեն Պետրոսյանին

Գերեվարված Կարենին ադրբեջանցիները սեպտեմբերի 10-ին սպանել էին, հետո հայտարարել, թե Պետրոսյանը մահացել է սրտի կաթվածից։ Պետրոսյանի դին մոտ երկու ամիս մնաց Ադրբեջանում։

Օգոստոսի 8-ին առաջնագծում հրադադարի խախտումները ակտիվորեն շարունակվում էին, սակայն կորուստների մասին հայտնի չէ։

Օգոստոսի 9-ի լույս գիշերը ադրբեջանական կողմը կազմակերպեց, կարելի է ասել, օգոստոսյան մարտերի վերջին դիվերսիոն հարձակումները: ՊԲ-ն հայտնում էր, որ հարձակումները եղել են ժամը 04:20-ի սահմաններում Հադրութի և հարավարևելյան՝ Մարտունու ուղղություններով:

Հաջորդ առավոտյան ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ օգոստոսի 9-ի երեկոյան և հաջորդող առավոտը ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես հրկիզող զինամթերքով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չի ունեցել․

Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 10-ին հայտարարեց, որ օգոստոսի 9-ի երեկոյան ժամի «հայկական կողմի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով» Թովուզի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1995թ. ծնված Ֆեթելիզադե Ռյուֆեթ Նազիմ օղլուն (Fətəlizadə Rüfət Nazim oğlu), իսկ Գեդաբեկի ուղղությամբ «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 1993թ. ծնված զինծառայող Թաղըև Օրխան Գալիբ օղլուն (Tağıyev Orxan Qalib oğlu):

ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներում օգոստոսի 9-ի վերաբերյալ նշվում է Գետաբեկի ուղղությամբ մեկ վիրավորի և Թովուզի ուղղությամբ մեկ զոհի մասին, ինչը համընկնում է Ադրբեջանի ՊՆ հայտարարածի հետ.

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ․ օգոստոսի 9-ի վերաբերյալ

ՄԱԿ–ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցի հատվածը 2014թ․ օգոստոսի 9-ի վերաբերյալ

Ամփոփում. օգոստոսի 4-8-ը ընթացել են դիրքային փոխհրաձգություններ, որոնց հետևանքով երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ: Օգոստոսի 9-ին ադրբեջանական կողմը փորձել է նոր հարձակումներ ձեռնարկել, սակայն դրանք տապալվել են։ Այս 6 օրերի ընթացքում հայտնի է ադրբեջանական կողմից 4 սպանվածի և 1 վիրավորի մասին, ընդ որում սպանվածներից 2-ը թաքցրած կորուստներ էին, քանի որ այն ժամանակ ՊՆ-ն որևէ տեղեկություն չի հայտնել դրանց մասին։ Հայկական կողմն այս օրերին ունեցել է 1 զոհ և 1 վիրավոր:


Օգոստոսի 10. հանդիպում Սոչիում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ․ օգոստոսի 10-ին՝ Սոչիում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ․ օգոստոսի 10-ին՝ Սոչիում

Օգոստոսի 10-ի առավոտյան Սոչիում կայացավ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը չկատարելու համար, ինչին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերին չի հետևում հենց Ադրբեջանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորեց կողմերին փորձել կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ «երկու կողմն էլ ունեն այդպիսի տրամադրվածություն»։

Կարելի է ասել, օգոստոսյան լարվածության փուլն ավարտվեց Սոչիի հանդիպումով։


Ադրբեջանական կողմի՝ անհայտ օրերին վիրավորվածներ

Բացի ուսումնասիրված օրերի կորուստներից մեզ հայտնի է ադրբեջանցի 2 վիրավորի անուններ։ Նրանք վնասվածք ստացել են օգոստոսյան մարտերին, սակայն հստակ չգիտենք, թե որ օրը։

Եթե հիշում եք, նշել էինք, որ հուլիսի 31-ին Ասկերով Էլվինի հետ Թուրքիա բուժման նպատակով մեկնել էր ևս երկու զինծառայող. Սարխան Թահիրզադեն (Sərxan Tahirzadə) և Ադալեթ Մամմեդովը (Ədalet Memmedov):

Աջից օգոստոսյան պատերազմում վիրավորված Սարխան Թահիրզադեն է

Աջից օգոստոսյան պատերազմում վիրավորված Սարխան Թահիրզադեն է

Հետագայում Թահիրզադեի մասին տվյալներում նշվում է, որ վերջինս վիրավորվել է Ակնայի ուղղությամբ՝ օգոստոսյան պատերազմի ժամանակ: Զինծառայողը կորցրել էր երկու ոտքը, ինչից կարող ենք զգուշորեն ենթադրել, որ Թահիրզադեն վիրավորվել է ականի պայթյունից։ Թուրքիա մեկնած մյուս վիրավորի՝ Ադալեթ Մամմեդովի մասին այլ տեղեկություն չունենք:


Ամփոփում

«Օգոստոսյան պատերազմի» ակտիվ փուլը սկսվեց հուլիսի 31-ին և տևեց մինչև օգոստոսի 4-ը: Հաջորդ օրերին գործողությունները հիմնականում դիրքային էին։ Պատերազմի մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմը իրականացրեց բազմաթիվ դիվերսիաներ, որոնցից ճնշող մեծամասնությունը կարելի է համարել տապալված։

Համադրելով մեր ունեցած բոլոր տվյալները՝ կարող ենք ասել, որ ուսումնասիրված ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ունեցել է առնվազն 17 զոհ, 9 վիրավոր։ Սպանվածներից 3-ի անունը ադրբեջանական կողմը չի հրապարակել առ այսօր։ Հայկական կողմը օգոստոսյան պատերազմի ընթացքում ունեցել է 5 զոհ, 4 վիրավոր։ Բացի այդ հայկական կողմից գերեվարվել և սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Կարևոր է նշել նաև, որ օգոստոսյան մարտերից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրամանագիր, որով խստորեն սահմանափակվեց լրատվամիջոցների՝ առաջնագծի և բանակի մասին տեղեկություններ հրապարակելու հնարավորությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *