ԱՄՆ–ը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ

Օգոստոսի 1-ին ԱՄՆ–ը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ, քանի որ նրանք մեծ դեր են ունեցել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալման մեջ։

Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։

Ըստ աղբյուրի՝ երկու նախարարների մուտքը ԱՄՆ և նրանց ունեցած ցանկացած գույք կամ գույքի հանդեպ հետաքրքրություն, որը ԱՄՆ իրավասության տակ է, արգելափակված է, իսկ ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում որևէ գործարք կնքել նրանց հետ։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ–ը չի գտնում որևէ պատճառ, որով Բրանսոնը կարող է մեղավոր համարվել և «ամերիկյան կողմը կարծում է, որ քահանան դարձել է Թուրքիայի կառավարության անարդարության զոհը»։

Իսկ թուրք երկու նախարարները ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել են իրենց թվիթերյան էջերում։ Թուրքիայի արդարադատության նախարար Գյուլը գրել է․ «Այս հողում ապրելուց և այստեղ մեռնելուց բացի այլ միտք չեմ ունեցել։ ԱՄՆ–ում կամ Թուրքիայից դուրս որևէ այլ երկրում ոչ մի տնկած ծառ, ոչ էլ մի կոպեկ գումար ունեմ։ Եթե բախտ վիճակվի երևի մի օր իմ հայրենիք Ղազիանթեփում մի փոքր ձիթապտղի ծառ կգնեմ»։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն էլ հայտարարել է․ «Մենք մի ապրանք ունենք ԱՄՆ–ում․ Գյուլենը (FETÖ)։ Նրան էլ այնտեղ չենք թողնելու, վերցնելո՛ւ ենք»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը իր թվիթերյան էջում հայտարարել էր, որ եթե Թուրքիան չազատի Գյուլենականների հետ կապի համար մեղադրվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Ամերիկան Թուրքիայի նկատմամբ կկիրառի պատժամիջոցներ։

Պատժամիջոցներ սահմանող օրենքի նախագիծը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը ընդունել էր հուլիսի 26-ին։ Սահմանափակումները նախատեսվում էին ֆինանսական միջազգային  կազմակերպություններից վարկ ստանալու շրջանակներում։ Որպես պատճառ ներկայացվել են ԱՄՆ քաղաքացիների անօրինական ձերբակալությունները և հետապնդումները։

Իսկ հուլիսի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ արտաքին ուժերը Թուրքիային չպետք է ասեն, թե ինչպես վարել դատական գործընթացը։

Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունների սրացումը վերջին շրջանում կապված է Թուրքիայի Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու, դրա հետևանքով F-35 կործանիչների Թուրքիա մատակարարումը արգելափակելու, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալման հարցերի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *