Թուրքիայում ընդունվել է «վճար ծառայության դիմաց» ծրագիրը

Հուլիսի 26-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է «վճար ծառայության դիմաց» օրենքը, որը կներդրվի 2019թ․–ից։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet լրատվակայքը։

Աղբյուրը հայտնում է, որ ծրագրի նախատեսվող պահանջներից փոխվել է դիմողների ծննդյան թիվը․ ծրագրին 1993թ․ դեկտեմբերի 31-ի փոխարեն կարող են դիմել 1994թ․ հունվարի 1–ին և դրանից առաջ ծնվածները։

Զինծառայության հիմնական կրթության համար ընդունվել է 21–օրյա ժամկետը, ինչպես ավելի վաղ նշել էր իշխող կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մուշը։

Ծառայությունից ազատվելու վճարը մնացել է նույնը՝ 15 հզ լիրա (մոտ 3000 դոլլար)։

Հիշեցնենք, որ այս ծրագիրը նախատեսված է 18 տարեկանը լրացած Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում։ Զինծառայությունից ազատվելու համար պետք է վճարել որոշակի գումար և անցնել զինծառայության հիմնական կրթություն, որը տևում է մոտ 1 ամիս։

Նշենք, որ ծրագիրը Թուրքիայում վերջին անգամ ներդրվել էր 2014թ․։ Դրանից հետո, ինչպես նշում էր թուրք ղեկավարությունը, կապված երկրում «ահաբեկչության դեմ պայքարի» հետ, ծրագրի ներդրումը դեռևս նպատակահարմար չէր։

Սակայն այս տարի ընտրություններից առաջ, նախագահ Էրդողանը խոստացել էր կրկին վերանայել ծրագիրը։ Մի քանի օր առաջ նա հայտարարեց, որ խառնաշփոթից խուսափելու համար ծրագրի ներդրումը կրկին անհրաժեշտություն է դարձել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *