Թուրքիայում կվերսկսի «վճար ծառայության դիմաց» ծրագիրը

Հուլիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտարարել է, որ «վճար ծառայության դիմաց» ծրագրի վերսկսելու հարցը կլուծվի մինչև այս շաբաթվա վերջ։ 

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 23-ին ծրագրի՝ խորհրդարանում քննարկման մասին  հայտարարել էր, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մուշը: Նա նշել էր, որ ծրագրին մասնակցելու չափանիշները նույնն են մնալու, սակայն զինծառայության հիմնական կրթության 28 օրվա փոխարեն կառաջարկվի 21 օր։

«Մեր առաջարկը հետևյալն է․ տրված է 28 օր, խորհրդին առաջարկելու ենք 21 օրը։ Գնահատումը հարգարժան պատգամավորներինն է։ Ձևը չի փոխվելու․ տարիքը՝ 25, այսինքն մինչև 1993թ․ դեկտեմբերի 31-ը ծնվածներ, վճարը՝ 15 հզ լիրա։ Իսկ ընթացքն էլ կլինի 21 օր»,– հայտարարել է Մեհմեթ Մուշը։

«Վճար ծառայության դիմաց» ծրագիրը Թուրքիայում նախատեսված է 18 տարին լրացած և ժամկետային զինծառայություն չանցած այն քաղաքացիների համար, ովքեր 3 տարի աշխատել են արտասահմանում։ Վճարելով 15 հազար լիրա (մոտ 3000 ԱՄՆ դոլլար) քաղաքացիները կարող են ազատվել զինծառայությունից, փոխարենը անցնելով զինծառայության 21–օրյա հիմնական կրթություն։

Այս ծրագիրը Թուրքիայում առաջին անգամ ներդրվել է 2011-ին: Այն ժամանակ ծառայությունից ազատվելու գինը 30 հազար թուրքական լիրա էր ( մոտ 13 հազար դոլար): Ծրագրի իրագործման համար հիմք է ծառայում Թուրքիայի բնակչության մարդաշատությունը, որտեղ 18 տարին լրացած անձանց ծառայության համակարգված կազմակերպումը դժվար է։

Ծրագրի արդյունքում ստացված գումարները նախատեսվում էր ներդնել Թուրքիայի պաշտպանական համակարգի արդիականացման մեջ։

Հատկանշական է, որ այս ծրագիրը Թուրքիայում վերջին անգամ անցկացվել էր 2014թ․։ Դրանից հետո հայտարարվում էր (1), որ ելնելով երկրում «ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարից դեռևս նպատակահարմար չէ ծրագիրը վերսկսել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *