ԿԳՆ-ն առաջարկում է մեղմացնել գիտնականներին տարկետում տալու չափորոշիչները

Կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու չափանիշները մեղմացնել: ԿԳՆ-ն նաև արդիական է համարում հայրենադարձության նպատակով դրսում բնակվող և իրենց հաշվին լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին տարկետում տալու հարցը:

Օրինագիծը հրապարակվել է e-draft.am կայքում, որը հանրային քննարկման համար է:

ԿԳՆ-ն ցանկանում է իջեցնել տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսների դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտների դեպքում՝ 80-ից մինչև 65 միավոր: Մեթոդաբանությունն՝ այստեղ:

Ապրիլի 12-ին ՀՀ կառավարությունը ընդունել էր օրինագիծը, որով սահմանվում են գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու կարգը, չափանիշները և մեթոդաբանությունը:

Այս պահին գործող օրենսդրությամբ մագիստրոսները տարկետման են հավակնում առնվազն 70, իսկ ասպիրանտները՝ առնվազն 80 միավոր հավաքելու դեպքում: Այս պահին գործող միավորների հաշվարկման մեթոդաբանությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Փաստաթղթում նշվում է, որ փոփոխությունները նպատակ ունեն հնարավորություն տալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին անընդմեջ զբաղվել իրենց գործունեությամբ:

Օրինագծի «ընթացիկ իրավիճակը և խնդիրները» բաժնում նշվում, որ արդիական է օտարերկրյա բուհերում սովորողներին տարկետում տրամադրելու խնդիրը: Որպես պատճառ նշվում են.

  • որոշ ոլորտներում որակյալ մասնագետների բացակայությունը,
  • հայրենադարձության՝ Հայաստանի համար կարևոր առաջնահերթությունը:

«Արտերկրում բնակվող և այնտեղ կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների համար հայրենադարձության համար բարենպաստ պայմանների շարքում է նաև վերջիններս կողմից արտասահմանյան համալսարարններում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծման հանգամանքը:

Հաշվի առնելով վերը նշվածը, տարկետման տրամադրումը աշխարհի լավագույն բուհերում բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունված և ուսման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահոված ուսանողներին՝ հետագայում հնարավորություն կընձեռի ուսման ավարտից հետո վերադառնալու Հայաստան և գիտելիքները ներդնելու երկրի զարգացման գործում»:

Նախարարությունը նաև առաջարկում է ավելացնել նոր կետ. «Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճումներ են համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ  փաստաթղթերի առկայությամբ:»:

Հիշեցնենք, որ նախկին կառավարության նախաձեռնությամբ փոխվել է ակադեմիական տարկետում ստանալու կարգը. տարկետում կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, որոնք «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու պայմանագիր են կնքում: Պետպատվերով ընդունվողներին տարկետում այլևս չի տրվում: Իսկ գիտության ոլորտում զգալի նվաճում ունեցողներին տարկետում տրամադրվում է կառավարության հատուկ որոշմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *