ՀՀ ՊՆ ներկայացրած օրինագծով անվճար սովորելու համար այլևս տարկետում չի տրվի

ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

Այսպիսով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին: Ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Քաղաքացուն տարկետում կտրվի մինչև ուսման ավարտի օրը, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալը:

Նախագծի այս կետի մասին Ռազմինֆոն զրուցեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.

«Տարկետման բոլոր այլ ձևերը, բացի «Պատիվ ունեմ» նախագիծը, որով ի սկզբանե կհայտնես սպա դառնալու քո ցանկությունը և կգնաս էդ դասընթացներին, այլևս գոյություն չեն ունենալու», — նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյոք սա նշանակում է, որ ԿԳՆ-ն առարկություն չունի սրա վերաբերյալ, ՀՀ ՊՆ խոսնակը ասաց. «Իհարկե, [նախագիծը] գնում է Ազգային Ժողով կամաց-կամաց»:

Ռազմինֆոյին Կրթության և գիտության նախարարությունում հրաժարվեցին բանավոր մեկնաբանություն տալ՝ խնդրելով ուղարկել պաշտոնական, գրավոր հարցում:

Տարկետում նախատեսվում է նաև հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորող անձանց համար մինչև նրանց 19 տարին լրանալը: Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ:

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը այս թեմայի վերաբերյալ հայտնել է, որ հասարակությունում անհանգստություն կար, որ արական սեռի ներկայացուցիչներն այս իրավունքն օգտագործում են զինծառայությունից խուսափելու համար, ինչպես նաև՝ անհավասար պայմաններ էին ստեղծվում տարկետման իրավունքից օգտվողի և վճարովի համակարգում սովորողի համար:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 31-ի նիստի ժամանակ հավանություն է տվել առաջարկվող օրինագծին: Օրինագծով նախատեսվող փոփոխություններից մի քանիսին կարող եք ծանոթանալ այստեղ, այստեղ և այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *