Գիտական ի՞նչ նվաճումներ են պետք զինծառայությունից տարկետում ստանալու համար

Ապրիլի 12-ին ՀՀ ժամանակավոր կառավարությունը հաստատեց օրինագիծ, որով սահմանվում են գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու կարգը, չափանիշները և մեթոդաբանությունը:

Տարկետումը տրվում է ուսման ժամկետով` բայց ոչ ավելի երկար քաղաքացու 26 տարին լրանալու օրը։

Գերակայություն ճանաչված ոլորտի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների (դիմորդ) նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ.

  1. դիմելու օրվան նախորդող 3 տարում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում գիտական հրապարակումների,
  2. դիմելու օրվան նախորդող 3 տարում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների,
  3. դիմելու օրվան նախորդող 3 տարում գիտակրթական մրցանակների,
  4. մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մրցույթների արդյունքների և ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսման շրջանակներում),
  5. հանձնաժողովի հետ հարցազրույցի:

Այս քաղաքացիների նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորներով՝ առավելագույնը 100 միավոր՝ հատուկ հաշվարկման մեթոդաբանության հիման վրա:

Մագիստրոսները տարկետման են հավակնում առնվազն 70, իսկ ասպիրանտները՝ առնվազն 80 միավոր հավաքելու դեպքում: Միավորների հաշվարկման մեթոդաբանությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Բակալավրում սովորողի (դիմորդ) նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող 3 տարիների ընթացքում՝

  1. զորակոչիկի ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ միջազգային օլիմպիադաներում՝
    1. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,
    2. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,
    3. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,
    4. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,
    5. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,
    6. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,
    7. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,
    8. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից,
    9. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,
    10. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,
    11. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,
    12. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,
  2. հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայոց պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:

Արդեն ստացած տարկետման ընթացքում ամեն տարվա մինչև սեպտեմբերի 30-ը զորակոչիկը (կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա լիազորած մարդը) պարտավորվում է ներկայացնել հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ տեղեկանքներ:

Նշված տեղեկանքները չներկայացնելու, ինչպես նաև ուսման վաղաժամկետ դադարի դեպքում քաղաքացին կորցնում է տարկետումը և զորակոչվում:

Տարկետման ավարտից հետո զորակոչվածները կարող են մասնակցել զինված ուժերի գիտական ստորաբաժանման համալրման մրցույթին և օգտվել այդ ստորաբաժանումում ծառայության նախապատվության իրավունքից:

Վերջերս հայտնի դարձավ, որ ՊՆ ՌԱՊԿ-ը ստեղծում է նոր տեխնոլոգիական զորամաս, որտեղ ծառայելու են նախատեսված մրցույթը հաղթահարած բակալավրի աստիճան ունեցող զորակոչիկները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *