Ապրիլի 24-ի գիշերը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի Ռուսաստանի ԶՈւ հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են ավիաբազայի մոտակայքում թռչող մի քանի փոքր չափի անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ավիաբազային:
Ըստ աղբյուրի՝ ավիաբազան ոչ մի վնաս չի կրել, զենիթահրթիռային համակարգերը ոչնչացրել են բոլոր օդային թիրախները: Հայտնի չէ, թե ԱԹՍ-ները ում են պատկանում:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին զինյալները փորձել են հարձակվել Ռուսաստանի ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազայի վրա՝ կրկին օգտագործելով անօդաչու թռչող սարքեր:
Մինչ այդ էլ՝ հունվարի սկզբին, մի քանի հարձակում է եղել «Հմեյմիմ» ավիաբազայի վրա: Բազան նախ ենթարկվել էր հրետանային հարձակման, իսկ այնուհետև մասշտաբային հարձակում է եղել՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Այս հարձակումների մասին մանրամասն այստեղ:
Սիրիայում ռուսաստանյան զորքերի գործողությունները պաշտոնապես մոտեցել են ավարտին և զինված ուժերի ստորաբաժանումների մեծ մասը արդեն վերադարձել է Ռուսաստան: Զորքերի դուրսբերմանը զուգահեռ, սկսվել է «Հմեյմիմ» ավիաբազայում և Տարտուսի ռազմածովային ուժերի բազայում ռուսաստանյան մշտական զորախնբերի ձևավորման գործընթացը: