«Հմեյմիմի առեղծվածը». Հարձակումներ Սիրիայում ռուսաստանյան բազայի վրա

Ամանորի գիշերը զինյալները նախ հրետակոծեցին Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազան, ինչին հաջորդեց անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակում: Զինյալների արձակած ԱԹս-ների բավականին բարդ կառուցվածքը, ինչպես նաև արձակման վայրը հուշում են «թուրքական հետքի» մասին, շրջանառվում են նաև ԱՄՆ մասնակցության մասին լուրեր:

2018 թվականի սկիզբը միանշանակ չէր Սիրիայում ռուսաստանյան զորախմբի համար: Ուշադրության կենտրոնում էր հայտնվել «Հմեյմիմ» ավիաբազան, որը գտնվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տնօրինության ներքո: Նոր Տարվա գիշերը ավիաբազան նախ հրետակոծվեց ականանետերով: Սոցցանցերում հայտնվել են նաև վնասված տեխնիկայի, մասնավորապես ինքնաթիռների նկարներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունը ոչ մի կերպ չմեկնաբանեց: Նկարների հավաստիությունը հաստատել ևս հնարվոր չէ: Լուրեր էին շրջանառվում ավիաբազայում առնվազն 4 ռմբակոծիչ, 2 կործանիչ, ինչպես նաև բեռնատար ինքնաթիռ ոչնչացնելու մասին: ՌԴ ՊՆ-ն միայն օրեր անց հաստատեց, որ Մի-24 ուղղաթիռ է կոշտ վայրէջք կատարել, ինչի հետևանքով սպանվել են երկու օդաչուները:

Ըստ որում, համաձայն ՌԴ ՊՆ հաղորդագրության, ուղղաթիռը վթարվել էր ոչ թե Հմեյմիմ, այլ Համայի օդնավակայանի մոտակայքում: «Տելեգրամ» սոցիալական ցանցում Directorate 4 անվամբ խումբը հրապարակեց նաև զինյալների արձակած արկերից մեկը, որի վրա գրված է.

«Սոչին ձերն է, իսկ Համան՝ մերը»: Հատկանշական է, որ գրառումը կատարվել էր արաբերենով և թուրքերենով՝ Սիրիայի թոյւրքական զինյալների կողմից:

Զինյալների գրառումը՝ Հմեյմիմի ՌԴ բազայի վրա արձակվելու համար նախատեսված արկի վրա

Զինյալների գրառումը՝ Հմեյմիմի ՌԴ բազայի վրա արձակվելու համար նախատեսված արկի վրա

Այնուհետև, հունվարի 6-ին, «Հմեյմիմ« ավիաբազայի վրա մասշտաբային հարձակում եղավ՝ այս անգամ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ հարձակումը հաջողությամբ հետ են մղել ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ուժերով:

Ավելի ուշ՝ հունվարի 11-ին, ՌԴ ԶՈւ ԳՇ անդօաչու թռչող սարքերի կիրառման համակարգի ստեղծման և զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարեց, որ ՌԴ ավիաբազային հարվածելու համար կիրառվել է 13 ԱԹՍ: Բոլոր ԱԹՍ-ները հայտնաբերվել են «անվտանգ հեռավորության վրա». 7-ը ոչնչացվել են «Պանցիր-Ս» համալիրներով, իսկ 6-ը՝ ՌԷՊ միջոցներով: Ըստ որում 3 ԱԹՍ ընկնելուն պես ոչնչացել է դրանց վրա կախված զինամթերքի պայթյունի հետևանքով:

«Անօդաչու թռչող սարքեր մինչև այս էլ կիրառվել են, սակայն այս անգամվա դեպքը տարբերվում է մյուս միջադեպերից», — այս մասին իր հարցազրույցում հայտարարել է «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տնօրեն Իգոր Կորոտչենկոն:

«Սկզբունքորեն կարևոր է ամրագրել, որ առաջին անգամ մենք և մյուս բոլորը բախվել են ահաբեկչական նման սպառնալիքի հետ: Մինչ այս ահաբեկիչները օգտագործել են անօդաչուներ, բայց դրանք կվադրոկոպտերներ են եղել, որոնք փաստացիորեն կարող են կրել նռնակ կամ էլ սահամափակ քաշով արկ: Այդ պատճառով վնասը կլիներ աննշանակալի: Իսկ այստեղ առաջին անգամ իրականացվել է մասշտաբային հարձակում», – նշում է Կորոտչենկոն

Հաջող ռմբակոծման դեպքում, անօդաչու թռչող սարքերի այդպիսի խումբը կարող էր լուրջ վնասներ հասցնել ինչպես ավիաբազայի տեխնիկային, այնպես էլ այնտեղ գտնվող անձնակազմին: «Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած նկարներում, երևում է, որ անօդաչուները ինքնաշեն են, սակայն դրանք արձակվել են ավիաբազայից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրայից և իրենց վրա կրել են մեծ թվով արկեր», — նշեց Կորոտչենկոն:

«Դրանք ստեղծվել են ինքնաշեն ձևով: Մենք տեսել ենք նկարները, որոնք տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Անօդաչուների կմախքը հավաքված է փայտե մասերից, իսկ թևերը պլաստիկ են: Այսինքն մինիմում մետաղ: Ինչի՞ համար է դա արվել: Ոչ միայն այն պատճառով, որպեսզի գաղտնի պահվի ազգային պատկանելիությունը, այլև ամենակարևորն այն է, որ դրանք հնարավոր չլինի ֆիքսել: Ժամանակակից ռադարների աշխատանքը թիրախի հայտնաբերումն է արձանագրված ազդանշաների միջոցով»:

Այս մասով մի շարք տարբեր հայտարարություններ, լուրեր շրջանառվեցին: Անօդաչուների հարցում ռուսաստանյան կողմը մեկ փնտրում էր ամերիկյան, մեկ թուրքական, մեկ՝ անգամ ուկրաինական «հետք»: սրանցից ամենաիրատեսականը, թերևս, Թուրքիայի հնարավոր միջամտությունն էր: Ի՞նչն է նման եզրակացության հիմք հանդիսանում.

Նախ ՌԴ ՊՆ-ն նշում էր, որ ԱԹՍ-ների արձակման տեղը գտել են, ու այն գտնվում էր Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալների տարածքում՝ Իդլիբ նահանգում: Բացի այդ, Թուրքիան կարող էր նման հարձակման համար բավականին «ծանրակշիռ» փաստարկ ունենալ՝ Սիրիայի զորքերի առաջխաղացումն Իդլիբում: Պաշտոնական Անկարան սա համարում է Աստանայում Իրանի և Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների խախտում:

Ըստ որում վերջին օրերի դեպքերը ցույց են տալիս, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, զինյալներին օգնում է Իդլիբում Սիրիայի զինուժի դեմ գործել: Սակայն, ինչպես ԱԹՍ-ների դեպքում, այնպես էլ այստեղ հստակ փաստական ապացույցներ չկան:

Հմեյմիմի վրա հարձակված ԱԹՍ-ներ

Հմեյմիմի վրա արձակված ԱԹՍ-ներ

Հիշեցնենք, որ Սիրիայում ռուսաստանյան զորքերի գործողությունները պաշտոնապես մոտեցել են ավարտին և զինված ուժերի ստորաբաժանումները արդեն սկսել են վերադառնալ Ռուսաստան: Զորքերի դուրսբերմանը զուգահեռ, սկսվել է «Հմեյմիմ» ավիաբազայում և Տարտուսի ռազմածովային ուժերի բազայում ռուսաստանյան մշտական զորախնբերի ձևավորման գործընթացը:

Թե ինչ տեխնիկա և ստորաբաժանումներ են մնալու Սիրիայում՝ դեռևս հայտնի չէ, սակայն արդեն իսկ պարզ է, որ, չնայած «Իսլամական պետության» ահաբեկիչների նկատմամբ ամբողջական հաղթանակի մասին հայտարարություններին, Ռուսաստանը չի պլանավորում ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը Սիրիայից: Հմեյմիմ ավիաբազայի վրա հարձակումներն էլ դրա լրացուցիչ ապացույցն են:

Նյութը կազմեցին՝

Վլադ Վարդանյան
Տարոն Հովհաննիսյան
Սոնա Սուքիասյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *