Հայաստանը և Ռուսաստանը հստակեցրել և հաստատել են միացյալ ՀՕՊ-ի կազմը

Հայաստանը և Ռուսաստանը համաձայնության են եկել Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի զորախմբի կազմի և միջոցների շուրջ: Հստակեցվել և ստորագրվել է զորախմբի կազմը հաստատող փաստաթուղթը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ապրիլի 17-ին հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

Օսա-ԱԿ ԶՀՀ-ով կրակը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորավարժության ժամանակ

«Օսա-ԱԿ» ԶՀՀ-ով կրակը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորավարժության ժամանակ (արխիվ)

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները միացյալ ՀՕՊ համակարգի համաձայնագիրը Մոսկվայում ստորագրել են 2015թ. դեկտեմբերի 23-ին:

Միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանվում է, որ.

  • Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
  • Ընդհանուր ղեկավարումը կովկասյան տարածաշրջանում իրականացնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը:
  • Հավաքական անվտանգության առանձին շրջանի (ՀՀ սամաններում) հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը:
  • Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Այն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը համաձայնագրի գործողության ավարտի ժամկետից առնվազն 6 ամիս առաջ գրավոր ձևով մյուս կողմին չտեղեկացնի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

2016-ի հունիսի 28-ին՝ համաձայնագիրը ՀՀ ԱԺ վավերացմանը ներկայացնելիս, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից:

Արա Նազարյանը պարզաբանել էր նաև, որ միավորված ՀՕՊ համակարգի գործունեությունը Արցախին չի վերաբերում, և որ Արցախի մասով Հայաստանն ունի հակաօդային պաշտպանության իր միջոցները:

Համաձայնագրով նախատեսվող հիմնական դրույթներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *