Թուրքիայում հունիսին արտահերթ նախագահական ու խորհրդարանի ընտրություններ կանցկացվեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ հայտարարեց, որ 2018 թ. հունիսի 24-ին Թուրքիայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Ընտրությունների անցկացումն Էրդողանը քննարկել է ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ: Այս մասին Էրդողանը հայտարարեց TRT Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Էրդողանը նշում է, որ արտահերթ ընտրությունների հիմնական պատճառը Սիրիայում և Իրաքում տիրող իրադրության պայմաններում անհրաժեշտ է Թուրքիայում անորոշություն թույլ չտալ, այն վերացնել: Նաև տնտեսական խնդիրների պատճառով անհրաժեշտ է ընտրության հարցը անմիջապես «հանել արանքից»: Հատկանշական է, որ Բահչելին առաջարկել էր օգոստոսին անցկացնել արտահերթ ընտրությունները, սակայն հանդիպումից հետո որոշվել է հունիսին:

Թուրքիայում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2019 թ. նոյեմբերին: Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Էրդողանի թեկնածությունը պաշտպանում է նաև Ազգայնական շարժում կուսակցությունը՝ ի դեմս ղեկավար Դևլեթ Բահչելիի, ով էլ առաջինը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին:

Էրդողանի հավանական մրցակիցները

  • Քեմալ Քըլըչդարօղլու՝ խոշագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ոկւսակցության ղեկավար: Քըլըչդարօղլուն 2017 թ. չէր հերքել իր թեկնածության առաջադրման հավանականությունը: Սակայն առայժմ որոշում չկա: Որոշումը կկայացվի 15 օրվա ընթացքում:
  • Մերալ Աքշեներ՝ 2017 թ. ստեղծված «Լավ» կուսակցության ղեկավարը: Աքշեները նոր կուսակցություն հիմնելուց առաջ ազգայնականների շարքերում էր, առանձնացել է Դևլեթ Բահչելիի հետ 2017 թ. սահմանադրական փոփոխությունների շուրջ հակասությունների շրջանակներում: Աքշեները հաստատել է իր թեկնածությունը: Առաջադրվելու համար նա պետք է 100 հազար ստորագրություն հավաքի, ինչը, նրա խոսքով, կարող է:

Առայժմ չեն կողմնորոշվել նաև ավելի փոքր ընդդիմադիր կուսացությունները: «Սաադեթ» կուսակցությունը կոալիցիայի շուրշ բանակացություն է վարում ԺՀԿ-ի և «Լավ» կուսակցության հետ, սակայն առայժմ որևէ արդյունք չկա:

Մյուս ընդդիմադիր՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կոսւակցությունը (HDP), 2015 թ. խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ զգալիորեն թուլացել է, առանցքային անդամների հիմնական մասը,ա յդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը բանտում են, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում: Դեմիրթաշից բացի այս պահին Էրդողանին հավանական մրցակից, առանձնացող կերպար չկա:

Նշված սահմանադրական փոփոխությունները Էրդողանին թույլ տվեցին իշխանությունը նաև դե յուրե ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացնել: Քանի որ Թուրքիան անցնում է նոր համակարգի՝ Էրդողանը կարող է ևս երկու անգամ ընտրվել Թուրքիայի նախագահ՝ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելով մինչև 2028:

Այդ թվում, սահմանադրական փոփոխությամբ, բանակը և ողջ անվտանգային համակարգը դրվում է նախագահականի վերահսկողության տակ: Փոփոխություններով նախագահական ընտրությունների հետ համատեղ պետք է անցկացվեն նաև խորհրդարանական ընտրություններ: Սա պետք է հաստատի խորհրդարանը, սակայն իշխող ԱԶԿ-ն բավարար ձայներ ունի որոշումը հաստատելու համար:

Էրդողանի «խաղաթղթերն» ընտրություններից առաջ

«Արտակարգ դրություն»՝ 2016 թվականից

Հավելենք, որ 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս Թուրքիայում արտակարգ դրություն է: Թեև ժամկետն ավարտվում է, սակայն Թուրքիայի խորհրդարանը քննարկում է արտակարգ դրությունը հերթական 3 ամսով երկարաձգելու որոշումը: Սա Էրդողանին թույլ է տալիս իր ցանկացած օրենքն ընդունել տալ կառավարությունում և իրագործել: Հավանաբար, ընտրությունների արտահերթ անցկացումը նաև սրա հետ է կապված:

Նախ ընդդիմադիր ուժերը չեն հասցնի որևէ դիմադրություն ցուցաբերել, մյուս կողմից, եթե անգամ քայլեր ձեռնարկեն, արտակարգ դրության պայմաններում, ցանկացած ըմբոստություն ճնշելը գրեթե խնդիր չի հարուցի: Չնայած քրդամետ ԺԴԿ-ի բանտարկված ղեկավար Դեմիրթաշը և քեմալական ԺՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարել են, թե «ընտրություններին պատրաստ են»:

Հաղթանակներ Սիրիայում, գործողություններ Իրաքում

Մյուս կողմից, Թուրքիայում Էրդողանի հեղինակությունը զգալիորեն բարձրացրել են Սիրիայում իրականացված ռազմագործողությունները, այդ թվում՝ վերջերս ավարտված Աֆրինի գործողությունը: Ըստ որում, նույն Սիրիայի գործողություններին ընդդիմադիր ուժերի արձագանքները բացասական առումով վերջիններիս հեղինակության վրա են ազդել:

Մերալ Աքշեները Աֆրինի գործողությունն անվանել էր «սխալ քաղաքականության արդյունք»: Քըլըչդարօղլուն ևս քննադատել էր Աֆրինի գործողությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *