Իրանի հարավ-արևելքում ՝ Պակիստանի մոտ, ուժայինները 3 ահաբեկչի են վնասազերծել

Ապրիլի 17-ին Իրանի հարավարևելյան՝ Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգի Միրջավեհ շրջանում սահմանապահ ծառայության պահակակետերից մեկի վրա ահաբեկչական խումբ է հարձակվել։ Բախումների արդյունքում սպանվել է 3 ահաբեկիչ, մի մասը փախուստի է դիմել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Բախումների հետևանքով զոհվել է նաև Իրանի սահմանապահ ծառայության 1 և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 2 զինծառայող։

ԻՀՊԿ զինծառայողներ

ԻՀՊԿ զինծառայողներ

Ավելի վաղ՝ ապրիլի 16-ին, Իրանի «Իմամ է զաման» հետախուզական ուժերը Սիստան և Բելուջիստան նահանգում հայտնաբերել էին 80 կգ պայթուցիկ նյութ, 28 ատրճանակ, 35 ձեռքի նռնակ։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին  Սիսթան և Բելուջիստան նահանգի Սարավան շրջանում «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման 40 զինյալ հարձակվել էին ԻՀՊԿ սահմանային պահակակետերից մեկի մոտ։ ԻՀՊԿ զինծառայողները կանխել էին գործողությունը. 4 ահաբեկիչ սպանվել էր, «մի քանիսը» վիրավորվել էին, իսկ մյուսները փախուստի էին դիմել։Հակաահաբեկչական գործողության ընթացքում վիրավորվել էր նաև ԻՀՊԿ 2 զինծառայող։

Պակիստանի և Իրանի միջև սահմանը 900 կմ է։ Այստեղ Իրանը ակտիվ պայքար է մղում Պակիստանից ներթափանցող ահաբեկչական խմբավորումների, մաքսանենգների դեմ։

Իրանի Սիսթան և Բելուջիստան ու Պակիստանի համանուն՝ Բելուջիստան սահմանակից նահանգներում գործում են հիմնականում սուննի բելուջներից կազմված զինված անջատողական խմբավորումներ, որոնք հաճախ են բախումների մեջ մտնում Իրանի ուժային կառույցների հետ։ Հատկապես ակտիվ են գործում «Ջեյշ ալ Ադլ» («Ջեյշ ալ Զոլմ») և «Ջունդոլլահ» խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *