Ռուսաստանը արագացնելու է Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ների մատակարարումները

Ապրիլի 3-ին Անկարայում Ռուսաստանի նախագահ Վլադիմեր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը արագացնելու է Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումներ: Սա հաստատել է նաև Էրդողանը: Հայտնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մամուլի ծառայությունները (1, 2)

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռ.Թ. Էրդողանը և Վ. Պուտինը. ապրիլ 2018 թ.

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռ.Թ. Էրդողանը և Վ. Պուտինը. ապրիլ 2018 թ.

Պուտինը նաև հայտարարել է, որ կողմերը ընդհանուր առմամբ քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցությունը ընդլայնելու հարցեր:

Միևնույն ժամանակ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ս-400-ները գնելու որոշումը ամբողջությամբ Թուրքիային է պատկանում և այդ որոշումն արդեն արված է:

«Ռուսաստանի Դաշնությունը մեր պահանջարկին դրական է արձագանքել և մենք Ս-400-ների հարցով համաձայնության ենք եկել, այդ հաշիվն արդեն փակված է, ավարտված է այդ գործը: Ներկայում շարունակվում է  մատակարարման գործընթացը: Ավելին՝ Ռուսաստանը մատակարարումը նախատեսվածից շուտ է իրականացնելու», – հայտարարել է Էրդողանը:

Բացի այդ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Ս-400 ԶՀՀ-ների մատակարարումը Ռուսաստանը սկսելու է 2019-ի հուլիսից:  Նշենք, որ ավելի վաղ ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ մատակարարումները սկսելու են 2020 թվականից:

Կողմերը հայտարարել են, որ հանդիպմանը քննարկել են նաև այլ հարցեր՝ տնտեսական, էներգետիկայի ոլորտի: Հանդիպման օրակարգի կարևոր հարցերից է եղել նաև սիրիական ճգնաժամը: Էրդողանը հայտարարել է, որ ինքը տեղեկացրել է Պուտինին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ գործողությունների արդյունքների մասին:

Պուտինը հայտարարել է, որ քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանը ուղղված քայլերը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Սիրիայի քրդերը այդ երկրի անբաժանելի մասն են, հետևաբար նրանք ևս իրավունք ունեն մասնակցելու քաղաքական բոլոր գործընթացներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Անկարայում անցկացվելու է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը սիրիական հակամարտության հետ կապված: Կողմերը քննարկելու են Սիրիայում հրադադարի պահպանումը և հակամարտության խաղաղ լուծմանը ուղղված քայլեր:

Սիրիական ճգնաժամի կարգավորման 2 հիմնական ձևաչափերն են համարվում Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայում կողմերի համաձայնության շրջանակներում Սիրիայի տարածքում ստեղծվել է 4 «ապաէսկալացման գոտի»: Այս բանակցությունների և այդ գոտիների երաշխավոր երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Այս համաձայնությունների շրջանակներում Թուրքիայի զինուժը սկսել է զորքեր տեղակայել սիրիական Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտու» տարածքում դեռևս 2017-ի հոկտեմբերից:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *