ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-5-ը Ռուսաստանում կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով 7-րդ մոսկովյան համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ կայքը։
Համաժողովի շրջանակներում Վիգեն Սարգսյանը ելույթ է ունենալու: Նախատեսված են նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:
Հավելենք, որ համաժողովին մասնակցելու են նաև Իրանը և Ադրբեջանը։ Իրանի պաշտպանության նախարար Ամի Հաթամին արդեն մեկնել է Մոսկվա։ Ադրբեջանից համաժողովին մասնակցելու է պաշտպանության նախարարի տեղակալը։
Մոսկվայում անցկացվող համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումը, Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետագա զարգացումը և այլ հարցեր։
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ Միջազգային անվտանգության 6-րդ մոսկովյան համաժողովի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել էր Իրանի իր պաշտոնակցի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր։