Այսօր՝ ապրիլի 26-ին՝ Ռուսաստանում անցկացվող Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի և Սերբիայի պաշտպանության նախարարների հետ, քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հակամարտությանը։ Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։
Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ հանդիիպմանը կողմերը նշել են, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ուղղություններով։ Որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։
Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ առավել առարկայական դարձնելով քննարկումները երկկողմ փոխգործակցության խնդիրների շուրջ:
Ավելացնենք, որ Մոսկվայում անցկացվող համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը և լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաև Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և այլն։