Ապրիլի 3-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են թուրք ուժայինների տեղափոխող մեքենայի վրա. արդյունքում սպանվել է 1 «գյուղական պահապան», վիրավորվել՝ ևս 4-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ վիրավորվել է նաև 1 քաղաքացիական անձ: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց, 2-ի վիճակը ծանր է: Միջադեպը մասնավորապես եղել է նահանգի Քուլփ գավառում:
«Գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են, որոնք գործում են թուրքական ժանդարմերիայի հրամանատարության ներքո: Փորձագետների գնահատականով՝ «գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է: 2016-ի հոկտեմբերի 29-ից սկսած «գյուղական պահապանների» ինստիտուտը անվանափոխվել է «անվտանգության պահապանների»:
Թուրք-քրդական բախումները Թուրքիայի տարածքում վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանք պարբերաբար դադարում են, երբեմն էլ կրկին ինտենսիվանում: Վերջին մի քանի շաբաթների քրդերի հետ բախումներում թուրքական կողմի կորուստները համեմատաբար աճել են:
Թուրք ուժայինները PKK-ի զինյալների դեմ գործողություններ են իրականացնում հիմնականում Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում, ինչպես նաև Իրաքում: Թուրքական օդուժը հաճախ է հարվածում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում:
Նշենք, որ թուրքական բանակը շարունակում է նաև ռազմական գործողությունները Սիրիայի քրդական ուժերի դեմ Աֆրին շրջանում: Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»՝ YPG-ին համարում է PKK-ի «սիրիական թև և ահաբեկչական կառույց»: