Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին կմեկնի Մոսկվա

Հաջորդ շաբաթ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին Ռուսաստանի իր պաշտոնակցի հրավերով մեկնելու է այդ երկիր։ Հաթամին մասնակցելու է ապրիլի 4-5-ը անցկացվող Միջազգային անվտանգության 7-րդ մոսկովյան համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Իրանի ՊՆ կայքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ, տարածաշրջանային, միջազգային հարցեր։

Հաթամին Մոսկվայում հանդիպելու է նաև համաժողովին մասնակից այլ երկրների պաշտպանության նախարարների հետ։

Մոսկվայում անցկացվող համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումը, Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետագա զարգացումը և այլ հարցեր։

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ Միջազգային անվտանգության 6-րդ մոսկովյան համաժողովի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել էր Իրանի իր պաշտոնակցի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *