«Գյուլենականության մեղադրանքով» նոր ձերբակալություններ Թուրքիայի զինուժում

Մարտի 28-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները Ադանա նահանգում ձերբակալել են 27 մարդու, որոնց մեծ մասը սպաներ և ենթասպաներ են: Ձերբակալվածները մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու համար»: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Նույնը օրը ևս 15 մարդ է ձերբակալվել Թուրքիայի Գյումշհանե և մի շարք այլ քաղաքներում: Ձերբակալված 15 մարդուց 2-ը ավագ լեյտենանտ են, 7-ը՝ ենթասպա, 3-ը՝ պրոֆեսիոնալ սերժանտ, 1-ը ռազմական դպրոցի կուրսանտ, 1-ը՝ ոստիկան և ևս մեկն էլ ոստիկանական ակադեմիայի կուրսանտ: Նրանք ևս մեղադրվում են Գյուլենի հետ «կապ ունենալու համա»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մարտի 26-ին  նույն մեղադրանքով ձերբակալվել են 20 գործող զինվորական, 5 ոստիկան և ժանդարմերիայի 1 քաղաքացիական ծառայող:

Թուրքիայում վերջն 1,5 տարում մի շարք գործող և նախկին զինծառայողներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման և Գյուլենի հետ կապ ունենալու համար:

Ձերբակալությունների հետևանքով հատկապես պակաս է առաջացել սպայական կազմում: Ներկայում թուրքական կողմը փորձում է համալրել այդ պակասը: Հատկապես խնդիրներ են առկա օդաչուների հարցում, Թուրքիան մինչև 2016-ի հեղաշրջման փորձն էլ ուներ այդ խնդիրը, իսկ ներկայում պակասն էլ ավելի է զգացնել տալիս:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ:

Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք իսլամական գործիչ, «Հիզմեթ» շարժման ղեկավար Ֆեթուլլա Գյուլենին: Անկարան Միացյալ Նահանգներից բազմիցս պահանջել է արտահանձնել Գյուլենին, սակայն դեռևս ԱՄՆ-ն հրաժարվում է դա անել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *