Եմենը հրթիռակոծել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքն ու մի քանի այլ քաղաքներ

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը Եմենից մի քանի հրթիռներ են արձակվել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ: Սաուդները հայտնում է, որ իրենց ՀՕՊ միջոցները որսացել են Եմենից արձակված հրթիռները, դրանց բեկորները ընկել են տներից մեկի վրա, որի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս մի քանիսն էլ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ միջոցները 3 հրթիռ են ոչնչացրել Ռիադի հյուսիսարևելյան հատվածում, Եմենից ևս 4 հրթիռ էլ արձակվել է հարավային Նաջրան, Ջիզան և Համիս Մուշաիթ քաղաքների ուղղությամբ:

Ըստ նրա՝ Ռիադում հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով մահացել է Եգիպտոսի 1 քաղաքացի, ևս 2-ը վիրավորվել են:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Եմենի հութիները «Բորքան-2» («Սկադի» տեղական տարբերակը) հրթիռներ են արձակել Ռիադի օդանավակայանի ուղղությամբ։ Եմենի հութիները հաճախ է Սաուդյան Արաբիայի տարածքը հրթիռակոծում այս տեսակի հրթիռներից: Ընդ որում, սաուդական կողմը հաճախ մեղադրում է Իրանին հրթիռային հարձակումներ «սադրելու համար»:

Եմենում պատերազմ սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, որոնց սատարում է Իրանը, մյուս  կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը:

2015 թ. փետրվարին հութիներին հաջողվում է նախագահ Հադիին հեռացնել իշխանությունից: Վերջինս սկզբում ապաստանել է երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվել է գրավել նաև այդ քաղաքը, Հադին լքել է երկիրն ու հաստատվել հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Այնուհետև Եմենի կառավարությունը օգնության խնդրանքով դիմում է արաբական երկրներին, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ  Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ստեղծում են դաշինք ընդդեմ հութիների (կազմում էին  Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի)  և ռազմական գործողություններ են սկսում  Եմենում (2016-ին ԱՄԷ-ն դուրս է բերում իր զորքերը Եմենից, իսկ 2017-ին  Կատարին հեռացնում են դաշինքից)։

Հետագայում կռիվը տեղափոխվում  է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչ օրս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *