Մարտի 25-ին Թուրքիայում անցկացվել են տեղական արտադրության առաջին «օդ-օդ» տեսակի փոքր հեռահարության «Գյոքդողան» (GÖKDOĞAN) և միջին հեռահարության «Բոզդողան» (BOZDOĞAN) հրթիռների բալիստիկ արձակման փորձարկումները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հրթիռների փորձարկումներն անցկացվել են առանց կառավարման համակարգերի: Աղբյուրը հայտնում է, որ 2018-ի վերջին նախատեսվում է սկսել թիրախների ուղղությամբ կրակելու փորձարկումները` հրթիռների կառավարման համակարգերի ներդրման միջոցով: Այնուհետև հաջորդելու են ինքնաթիռներից հրթիռների արձակման փորձարկումները:
Ըստ «Անադոլուի»՝ երկու հրթիռի նախագծի վերջնական ավարտը նախատեսվում է 2020 թվականին, ինչից հետո որոշվելու է դրանք զանգվածային արտադրության դնելու և Թուրքիայի զինված ուժերի սպառազինություն ընդգրկելու հարցը:
«Գյոքդողան» և «Բոզդողան» հրթիռների մշակմամբ և ստեղծմամբ 2013 թվականից զբաղվում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության գիտահետազոտական ինստիտուտը (Türkiye Savunma Sanayii Araştırma ve Geliştirme Enstitüsü – SAGE), որն ընդգրկված է Թուրքիայի գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհրդի (Türkiye Bilimsel ve Teknolojik Araştırma Kurumu – TUBITAK) կազմում:
Հրթիռների մակետներն առաջին անգամ ցուցադրվել են Թուրքիայում 2017-ի մայիսին անցկացված IDEF – 2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
«Բոզդողան» հրթիռի հեռահարությունը առավելագույնը 65 կմ, իսկ «Գյոքդողան» հրթիռինը՝ առնվազն 30 կմ է: Հրթիռները կարող են ամրակցվել F-16 կործանիչներին: