Եմենի հութիները Սաուդյան Արաբիային իրանական հրթիռներով են հարվածել. Reuters

Եմենի հութի զինյալների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ մայիսի 19-ին, հուլիսի 22-ին, հուլիսի 26-ին և նոյեմբերի 4-ին արձակված բալիստիկ հրթիռները նախագծվել և արտադրվել են Իրանում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի դիտորդների գաղտնի զեկույցին։

Ըստ գործակալության՝ դիտորդներն այցելել են Սաուդյան Արաբիայի ռազմաբազաներ՝ տեսնելու հրթիռների մնացորդները։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ «հրթիռները կառուցվածքային բնութագրերով և չափերով համապատասխանում են իրանական «Ղիամ-1» («Սկադի» տեղական տարբերակը՝խմբ.) հրթիռին»։

Reuters-ի հաղորդմամբ՝ զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդի և իրանական «Ղիամ 1» հրթիռի համեմատությունը ներկայացնող լուսանկար

Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդի և իրանական «Ղիամ 1» հրթիռի համեմատությունը ներկայացնող լուսանկար

Նոյեմբերի 4-ին հութիները «Բորքան-2» հրթիռներ էին արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ։ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը որսացել էին հրթիռները։

Միջադեպից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարեց, որ հրթիռային հարձակումը Իրանի սադրանքով է արվել, ըստ այդմ Սաուդյան Արաբիան իրավունք ունի համապատասխան ձևով պատասխանել այդ սադրանքին։

Կոալիցիան կազմել էր փաստաթուղթ, որում նշվում էր, որ Իրանը սպառազինություն է մատակարարում հութիներին և «ապացուցվում », որ  մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռները իրանական են. փաստաթղթում ներկայացվել են իրանական «Ղիամ-1» հրթիռի  և Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդների նույնությունը մատնանշող  լուսանկարներ։

Իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները Իրանն անմիջապես հերքել էր։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել էր, որ Եմենի հութիների խնդրանքով Իրանը խորհրդատավական աջակցություն է ցուցաբերում նրանց։

Այս հայտարարությունից հետո Իրանի ԶՈւ ԳՇ պետի խոսնակը կրկին հերքեց, որ հութիներին հրթիռներ և առհասարակ որևէ զենք են մատակարարում։

«Ղիամ-1» հրթիռը արձակման պահին

«Ղիամ-1» հրթիռը արձակման պահին

Նկատենք, որ Իրանը մշտապես մեղադրվում է Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը միշտ հերքում է այդ մեղադրանքները։

Հավելենք, որ Իրանը նմանապես հերքում էր, որ Սիրիային և Իրաքին սպառազինություն է մատակարարում, և հայտարարում, որ  այդ երկրներում իրենց ներգրավվածությունը զուտ խորհրդատվական է։

Այնուամենայնիվ, չնայած Իրանի հերքումներին և պաշտոնական տվյալների սակավությանը՝ լրատվամիջոցներում մշտապես հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևացել են, թե ինչպես են  իրաքցի և սիրիացի զինծառայողները օգտագործում իրանական արտադրության տարբեր զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքեր, դիպուկահար հրացաններ, զրահամեքենաներ և այլն։

Առաջին անգամ միայն 2016-ի հուլիսին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում զենք են մատակարարել Իրաքին ու «հոգացել են Սիրիայի կարիքները»։

Հութիների պարագայում նույնպես լրատվամիջոցներում մշտապես տարբեր տեղեկություններ են հայտնվում Իրանի զենքի մատակարարումների մասին (12):

«Բորքան-2» հրթիռներ

«Բորքան-2» հրթիռներ

Եմենում պատերազմ սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, որոնց սատարում է Իրանը, մյուս  կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը:

2015 թ. փետրվարին հութիներին հաջողվում է նախագահ Հադիին հեռացնել իշխանությունից: Վերջինս սկզբում ապաստանել է երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվել է գրավել նաև այդ քաղաքը, Հադին լքել է երկիրն ու հաստատվել հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Այնուհետև Եմենի կառավարությունը օգնության խնդրանքով դիմում է արաբական երկրներին, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ  Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ստեղծում են դաշինք ընդդեմ հութիների (կազմում էին  Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի)  և ռազմական գործողություններ են սկսում  Եմենում (2016-ին ԱՄԷ-ն դուրս է բերում իր զորքերը Եմենից, իսկ 2017-ին  Կատարին հեռացնում են դաշինքից)։

Հետագայում կռիվը տեղափոխվում  է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչ օրս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *