Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում երկրի հարավային շրջաններում՝ Ինգուշեթիայում և Հյուսիսային Օսիայում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքներին ներգրավվել է 200 զինծառայող, ինչպես նաև խոշոր տրամաչափի հրետանային տեխնիկա, այդ թվում՝ 240 մմ տրամաչափի «Տյուլպան» ինքնագնաց ականանետային համակարգեր, 203 մմ «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգեր:
Հրետանային վարժանքի ընթացքում կրակային գործողությունների մասնակիցները բեկորաֆուգասային զինամթերքով կենտրոնացված հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի շարասյուներին, հրամանատարական կետերին ու զինապահեստներին։
Վարժանքների ընթացքում կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնց միջոցով հրետանավորներին են փոխանցվել խոցման ենթակա թիրախների կոորդինատները։