Հակառակորդին զսպել նշանակում է նաև հակահարված հասցնել. ՀՀ նախագահ

Մարտի 19-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը, որին ներգրավված է նաև պաշտպանության բանակի հրամկազմը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հավաքի առաջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է հանդիպել և ելույթ ունեցել.

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները:

Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա:

Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները», – իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ երեկ ներկայացված ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրով նախատեսվում է ներդնել «զսպման համակարգ», որն ուղղված կլինի ՀՀ նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ՝ ՀՀ համար շահավետ պայմաններով ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը։

Երեկ՝ մարտի 19-ին,  նախարարությունը ներկայացրել է Զու արդիականացման 7-ամյա ծրագիրը, որի որոշ ուշագրավ դրույթներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *