Առաջիկա յոթ տարում ՀՀ ՊՆ-ն Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում չի կանխատեսում

ՀՀ պաշտպանության նախարարությունը կանխատեսում է, որ 2018-2024 թվականներին խաղաղ բանակցությունների միջոցով Արցախյան հիմնախնդրի վեջնական կարգավորման հավանականությունը ցածր է: Ադրբեջանը շարունակելու է «Ակտիվ սահմանի» քաղաքականությունը:

Նախարարությունը հրապարակել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Ներկայացնում ենք այդ ծրագրից հատված.

Ըստ փաստաթղթի, չնայած Հայաստանը կշարունակի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախի խնդիրը լուծելու քաղաքականությունը, այնուամենայնիվ, հակամարտության վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական մոտեցումները.

  • Ադրբեջանը կշարունակի ռազմականացման և սպառազինությունների մրցավազք հրահրելու ու «Ակտիվ սահմանի քաղաքականությունը»՝
    • մշտապես բարձր կպահի սահմանին լարվածությունը,
    • ձեռք կբերի հարձակողական բնույթի նոր զինատեսակներ,
    • կիրականացնի ռազմական գործողությունների վերսկսման տեղեկատվական և քարոզչական նախապատրաստում:
  • Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունները, ՊՆ-ն նույնպես համարում է հնարավոր պատճառ՝ ռազմական գործողությունների վերսկսման համար:

 

  • Իրավիճակի լարումը սադրելու ներուժ ունեն նաև տարածաշրջանում ապակառուցողական շահեր հետապնդող դերակատարները, ինչպես նաև ահաբեկչական խմբերը:

Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունը՝ Հայաստանը

  • պաշտպանության ծախսերին կհատկացնի ոչ պակաս քան ՀՆԱ-ի 4 տոկոսը
  • կշարուրանկի
    • մեծաթիվ, զորակոչային և պայմանագրային ուժերով զինված ուժերի համալրումը,
    • ռազմական տեխնիկայի և սպառազինության արդիականացումը,
    • ԶՈւ մարտունակության բարձրացումը,
  • կընդլայնի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակներում,
  • կզարգացնի անվտանգության ոլորտում գործընկերության հարաբերությունները ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական և այլ երկրների հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի շրջանակներում
  • կշարունակի հարևան երկրների հետ հավասարակշռված հարաբերությունները, ներառյալ տարանցման ուղիների բազմազանեցման, դրանց անխափան գործուներության ուղղությամբ:                                                                                                                                                                                                                            Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բացակայությունը՝ տարանցման ուղիների շրջափակումը կպահպանվի:

Հիշեցնենք, որ 2017 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիր: Ծրագիրը ընդունվել է վերջերս:

Ավելի ուշ կներկայացնենք նաև յոթնամյա ծրագրի նպատակները և դրանց ուղղված միջոցառումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *