Մարտի 17-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի 50-րդ նավախումբը՝ կազմված «Նաղդի»,«Բայանդոր» ականակիր նավերից ու «Թոնբ» թիկունքային ապահովման նավից, կայանել է Իրանի Բանդարաբաս նավահանգստում։ Նավախումբը Իրան է վերադարձել միջազգային ջրերում 45 օր հերթապահելուց հետո։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Միջազգային ջրերում հերթապահության ընթացքում նավախումբը կայանել է Շրի Լանկայի Կոլոմբո և Հնդկաստանի Մումբայ նավահանգիստներում։
Իրանի բանակի 50-րդ նավախումբը միջազգային ջրերում հերթապահության է մեկնել հունվարի 30-ին՝ ՌԾՈւ 49-րդ նավախմբի Իրան վերադարձից հետո։
Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։
2008 թվականից ի վեր միջազգային ջրերում հերթապահություն իրականացնելիս Իրանի նավախմբերը 250-ից ավելի բախում են ունեցել ծովահենների հետ։