Մարտի 16-ին Հունաստանի բողոքարկիչ դատարաններից մեկը հերթական անգամ մերժել է Հունաստան փախած 8 թուրք զինծառայողներին Թուրքիա արտահանձնելու Անկարայի պահանջը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Թուրքիայում 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 զինվորական ռազմական ուղղաթիռով փախել էր Հունաստան: Մինչև այժմ հունական դատարանը քանիցս մերժել է նրանց Թուրքիային արտահանձնելու պահանջը: Թուրքիայի 8 քաղաքացիներն էլ դիմել էին Հունաստանի Փախստականնների խորհրդին՝ խնդրելով իրենց քաղաքական ապաստան տրամադրել:
Թուրքիան պետական ամենաբարձր մակարդակով մշտապես սպառնացել է, որ եթե Հունաստանը քաղաքական ապաստան տրամադրի այդ անձանց՝ դա կազդի իրենց հարաբերությունների վրա:
Հունաստան փախած Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն են՝ մայորներ Ահմեթ Գյուզելը, Գենջայ Բոյուքը, կապիտաններ Աբդուլլահ Յեթիքը, Ուղուր Ուչանը, Սուլեյման Օզքայնաքչն, Ֆերիդուն Չոբանը, ավագ սերժանտներ Բիլալ Քուրուգյուլը և Մեսութ Ֆըրաթը:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Հունաստանի ԶՈւ զինծառայողներ սխալմամբ հատել են թուրք-հունական սահմանը և անցել Թուրքիա: Թուրքիայի սահմանապահները ձերբակալել են նրանց: Ներկայում նրանք շարունակվում են կալանավորված մնալ Թուրքիայում:
Թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե հնարավոր է փոխանակում լինի թուրք և հույն զինծառայողների միջև: Սակայն և՛ հունական, և՛ թուրքական կողմը հերքում է այս տեղեկությունը: Մասնավորապես, Հունաստանի՝ եվրոպական հարցերով փոխարտգործնախարար Գեորգիոս Կատրուգալոսը հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ պատերազմի մեջ չէ, որ ռազմագերիներ փոխանակի: