Մարտի 16-ին Թուրքիայի զինված ուժերը, օդուժի աջակցությամբ, ռազմական գործողություններ են իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ Իրաքի հյուսիսային շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Ըստ աղբյուրի՝ օդուժի հարվածների արդյունքում սպանվել է քրդական կառույցի 10 զինյալ: Թուրքական կողմը նաև նկարներ է հրապարակել քուրդ զինյալներից առգրաված զենք ու զինամթերքից: Գործողությունները մասնավորապես իրականացվել են Իրաքի Հաքուրք և Քանի Ռաշ շրջաններում: Գործողությունն իրականացվել է հետևակային 3-րդ դիվիզիայի հրամանատարության ղեկավարությամբ:
Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում Իրաքի հյուսիսում զինյալների դիրքերին, քանի որ այնտեղ է տեղակայված քրդական կողմի հիմնական բազաներն ու ճամբարները:
Թուրքիայի զինուժը շարունակում է PKK-ի դեմ գործողությունները նաև երկրի արևելքում և հարավ-արևելքում: Քուրդ զինյալների դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանությունը: