Հունաստանը և Թուրքիան զինծառայողներին չեն փոխանակի. հույն զինծառայողներն առայժմ կալանքի տակ կմնան

Մարտի 4-ին տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան Հունաստանին առաջարկել է փոխանակել թուրք-հունական սահմանը հատած հույն զինծառայողներին Հունաստան փախած 8 թուրք զինծառայողի հետ, ովքեր մեղադրվում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար:Փոխանցում են թուրքական մի քանի ԶԼՄ-ներ (1, 2):

Մարտի 2-ին թուրք սահմանապահները ձերբակալել են սխալմամբ Թուրքիայի սահմանը հատած հույն զինծառայողներին

Մարտի 2-ին թուրք սահմանապահները ձերբակալել են սխալմամբ Թուրքիայի սահմանը հատած հույն զինծառայողներին

Սակայն հունական կողմը հայտարարում է, որ զինծառայողների փոխանակում չի լինելու: Մասնավորապես, Հունաստանի՝ եվրոպական հարցերով փոխարտգործնախարար Գեորգիոս Կատրուգալոսը հայտարարել է, որ  Թուրքիայի հետ զինվորների փոխանակում հնարավոր չէ: Նա նշել է, որ հարցը պետք է լոււծվի «իրավական ասպեկտներով»: Փոխանցում է հունաստանյան The Greek Observer լրատվակայքը:

Այլ տեղեկությունների համաձայն՝ նա հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ պատերազմի մեջ չէ, որ ռազմագերիներ փոխանակի:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը նույնպես հայտարարել է, որ կողմերից ոչ մեկն էլ նման առաջարկով հանդես չի եկել: Նա նշել է, որ փոխանակման մասին խոսք չի կարող գնալ, դրանք տարբեր դեպքեր են: Փոխանցում է թուրքական T24 հեռուստաալիքի կայքը:

Մարտի 2-ին Թուրք-հունական սահմանը սխալմամբ հատած և Թուրքիայի սահմանապահների կողմից ձերբակալված Հունաստանի ԶՈւ զինծառայողների փաստաբանները դիմել են վերաքննիչ քրեական դատարան զինծառայողներին ազատ արձակելու պահանջով, սակայն դատարանը մերժել է պահանջը: Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը:

Այդպիսով, Հունաստանի ԶՈւ զինծառայողներ, լեյտենանտ Անգելոս Միթրետոդիսը և ենթասպա Դիմիտրիս Կաուկլազիսը շարունակելու են մնալ կալանքի տակ: Նրանք մեղադրվում են «ռազմական լրտեսության փորձի կատարման և ռազմական արգելված գոտի մուտք գործել» համար:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Հունաստանի զինված ուժերի 2 զինծառայող մոլորվել են և հայտնվել Թուրքիայի տարածքում: Զինծառայողները հերթապահել են Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանային գետ հանդիացող Մարիցա գետի հատվածում,  եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել են և հայտնվել թուրքական կողմում:

Ավելի վաղ Հունաստանը քաղաքական ապաստան է տվել Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցելու համար մեղադրվող 8 զինծառայողի: Թուրքական կողմը պահանջում է արտահանձնել զինծառայողներին, սակայն Հունաստանը հրաժարվում է:

Թուրք-հունական հարաբերությունները նաև պարբերաբար լարվում են Էգեյան ծովում: Վերջին մի քանի ամիսներին Էգեյան ծովում և կղզիների տարածքում՝ մասնավորապես Քարդաք/Իմիա կղզու մոտակայքում, միջադեպերը ավելի հաճախ են դարձել:

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *