Փետրվարի 28-ին Պակիստանի պաշտպանության նախարարությունը թուրքական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ) ռազմարդյունաբերական ընկերության հետ պայմանագիր է ստորագրել Պակիստանի ռազմածովային ուժերի սուզանավերը արդիականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Պակիստանի սուզանավերի արդիականացման պայմանագիրը ստորագրել են Պակիստանի ՊՆ-ն և թուրքական STM ընկերությունը
Պայմանագիր պակիստանյան կողմից ստորագրել է պաշտպանության նախարարությունից գեներալ Արսհադ Մահմուդը, թուրքական կողմից՝ STM ընկերության գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազն ու ծովային նախագծերի տնօրեն Սավաշ Օնուրը, արարողությանը ներկա են եղել նաև Պակիստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ:
Ըստ աղբյուրի՝ թուրքական ընկերությունը արդիակացնելու է ֆրանսիական արտադրության Agosta 90B սուզանավերը: Արդիականացմանը գործընթացը արվելու է Կարաչիում՝ Պակիստանի ՌԾՈւ-ին պատկանող նավաշինարաններից մեկում:
Թուրքական կողմը նախատեսում է առաջին արդիականացված Agosta 90B սուզանավը հանձնել Պակիստանի ՌԾՈւ շահագործմանը 2020 թվականին, իսկ մյուս սուզանավի արդիակացման գործընթացը սկսելու է 1 տարի ընդմիջումից հետո:
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի հունվարին Պակիստանի պաշտպանության նախարարությունը և թուրքական STM ընկերությունը պայմանագիր են ստորագրել Պակիստանի ՌԾՈւ նավատորմի ծովային տանկերի ստեղծման մասին:
Նշենք, որ Պակիստանը համագործակցում է նաև թուրքական «Ասելսան» ընկերության հետ: 2015-ին «Ասելսան» և STM ընկերությունները ստորագրել են Պակիստանի ՌԾՈւ տանկերի վրա պաշտպանական համակարգերի տեղադրման 4,7 մլն եվրո (մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ պայմանագիր: