Հնարավոր է զինծառայողները ևս մեկ լրացուցիչ համազգեստ ստանան

ՀՀ ՊՆ «Դիտակետ» ծրագրի հարցումների արդյունքով որոշվել է համազգեստի տրամադրումը մեկ անգամով ավելացնել: Այս մասին հայտնել է զորացրվածների հետ հարցումներն իրականացրած ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում:

«Հետազոտության արդյունքում միանգամից որոշվեց, որ համազգեստների տրամադրումը մեկ անգամով ավելանալու է: Կարծում եմ, սա արդեն ձեռքբերում է: Երբ հաջորդ հարցումների մասնակիցները տեսնեն, որ հետազոտության արդյունքում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, նրանք ավելի պատրաստակամ կլինեն մասնակցել Դիտակետ ծրագրին:»,– նշել է Հովհաննես Գրիգորյանը:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՆ-ից: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ուղիղ խոսքով չհաստատեց տեղեկությունը՝ նշելով.

««Դիտակետ» ծրագրի արդյունքները մեզ [նախարարության] հետագա աշխատանքների համար շատ առումով ուղեցույցներ են, հետագա բարելավման, կատարելագործման աշխատանքների…: Թե ինչ կանենք ամեն ինչ ժամանակին կիմանաք»:

Հովհաննես Գրիգորյանը նաև հայտնել էր, որ զորացրվածների մոտավորապես 50 տոկոսը ծառայության ընթացքում 1-4 անգամ «ստիպված է եղել» գնել ամառային համազգեստ:

Թե քանի անգամ են ՀՀ ԶՈւ զինծառայողները ստանում համազգեստ և այլ իրեր, կարող եք ծանոթանալ այս հղումով: Նշենք, որ ժամկետային զինծառայողները համազգեստ ստանում են ութ ամիսը մեկ և ևս մեկ ձմեռային լրակազմ:

Ավելի վաղ՝ տարեսկզբին, ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ 2018 թվականից ՀՀ զինված ուժերում զինծառայողները կկրեն նոր, ավելի որակյալ գործվածքից կարվող համազգեստ՝ ամրության և դիմացկունության բարելավված չափանիշներով:

Իսկ պաշտպանության փոխնախարարը նշել էր, որ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողներին շատ ավելի ամուր, դիմացկուն և որակյալ համազգեստ է պետք, քան հրետանավորներին կամ ՀՕՊ զինծառայողներին:

Այս պահին նախարարությունը զբաղվում է նաև զինվորական կոշիկները փոխելու ուղղությամբ: Զորքերում փորձարկումներ են անցել կոշիկների մի քանի անցումային տարբերակներ, նախարարը խոստացել է՝ կոշիկները բրենդային են լինելու: Նա առաջին անգամ կոշիկները փոխելու անհրաժեշտության մասին խոսել էր դեռևս 2016-ի նոյեմբերին՝ ասելով, որ զորացրված զինվորը որպես բողոք կամ դժգոհություն առաջինը նշում է բանակային կոշիկների որակը:

«Դիտակետի» Հարցումներն իրականացվել են 47 քաղաքային և 688 գյուղական բնակավայում՝ հարցումներ 2017-ի ամռանը զորացրված և հարցումներին մասնակցելու գրավոր համաձայնություն տված բոլոր զինծառայողների շրջանում, եթե նրանք զինծառայություն են անցել 12 ամիս և ավելի։ Հարցմանը մասնակցել են հասանելի զորացրվածների 73%-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *