2018 թվականից ՀՀ զինված ուժերում զինծառայողները կկրեն նոր, ավելի որակյալ կտորից կարվող համազգեստ, որի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է «Շանթ Նյուզ» լրատվակայքին:
«Միգուցե դեռ կլինեն որոշակի հին քանակության [համազգեստ], որը կտրվի զորքերին, բայց արդեն բարելավումը կլինի»,-հավելել է ՊՆ խոսնակը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխվել ու փոփոխվում են նաև բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները: Զորքերում փորձարկվել են անցումային մի քանի տարբերակներ։ Առաջիկայում ՊՆ-ն կներկայացնի կոշիկների վերջնական՝ «բրենդային մոդելը»:
Ձմեռային զորակոչի մեկնարկի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարը նշել էր, որ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողներին շատ ավելի ամուր, դիմացկուն և որակյալ համազգեստ է պետք, քան հրետանավորների կամ ՀՕՊ զինծառայողների համար: Նա նաև անդրադարձել էր ներքնազգեստների որակի խնդրին:
Զինվորական կոշիկները փոխելու անհրաժեշտության մասին նախարար Սարգսյանը խոսել էր դեռևս 2016-ի նոյեմբերին՝ նշելով, որ զորացրված զինվորը որպես բողոք կամ դժգոհություն առաջինը նշում է բանակային կոշիկների որակը: Դրանք փոխվելու են, իսկ նոր կոշիկները լինելու են բրենդ: