Իրաքում դատարանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցած 12 այրի կանանցից մեկին դատապարտել է մահապատժի, ևս 11-ին՝ ցմահ ազատազրկման: Մահապատժի ենթարկվողը Թուրքիայի քաղաքացի է, մյուս 11-ից 10-ը՝ նույնպես Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, հայտնում է արաբական «Ալ-Ջազիրան»:
20-50-ի տարիքային միջակայքի կանայք ձերբակալվել են Մոսուլում կամ Թալ Աֆարում, որտեղ նրանց ամուսին-ահաբեկիչները սպանվել են Իրաքի կառավարական ուժերի կողմից:
Կանանցից միայն մեկն է խոստովանել, որ ինքը, ամուսնու և երեխաների հետ, ցանկանալով է մեկնել Թուրքիայից Իրաք, որպեսզի կարողանան ապրել Շարիաթի (իսլամական կրոնական օրենք) օրենքներով «Իսլամական պետությունում»: Մյուսները նշել են, որ իրենց կա՛մ խաբել են, կա՛մ ստիպել:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ մինչև օրս ԻՊ ահաբեկչական կառույցին անդամակցել է Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի: Ադրբեջանցի զինյալներ կան նաև Սիրիայի և Իրաքի այլ ահաբեկչական, զինված խմբավորումների կազմում, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ: