ԱՄՆ զորքերը կմնան Սիրիայում անգամ ԻՊ ոչնչացումից հետո. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ իրենք կպահպանեն Սիրիայում ռազմական ներկայությունը՝ «Իսլամական պետության», «Ալ-Կաիդայի և Իրանի դեմ պայքարելու» համար: Թիլլերսոնը նաև կոչ է արել ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ «ապաէսկալացման» գոտիներում: Փոխանցում է Bloomberg գործակալությունը:

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իրենք չեն պատրաստվում կրկնել նախկին նախագահ Բարաք Օբամայի սխալը, երբ նա 2011 թ. «ժամանակից շուտ» զորքերը հանեց Իրաքից, ինչը, ըստ Թիլլերսոնի, թույլ տվեց, որ Ալ-Կաիդան կրկին ակտիվանա այնտեղ:

Սա ըստ էության նշանակում է, որ անգամ եթե տեսականորեն այլևս ԻՊ վտանգ չլինի Սիրիայում, իրենք կմնան «որ չթույլատրեն ԻՊ վերածնունդը»: Քանի որ սա բավականին հարաբերական է, ըստ այդմ, ԱՄՆ-ն փաստացի Սիրիայում պատրաստվում է դեռ երկար մնալ:

Հիշեցնենք, որ համաձայն 2017 թ. սեպտեմբերին թվագրվող ԱՄՆ պաշտոնական տվյալների, այդ պահին Նահանգները Սիրիայում ուներ 1720 զինծառայող: Բացի այս, ԱՄՆ-ն դաշնակցում է հիմնականում քրդերից, ինչպես նաև արաբներից կազմված ուժերի հետ:

Հավելենք, որ վերջին օրերին տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ-ն քրդերից 30 հազարանոց «սահմանային ուժեր է ստեղծում» Սիրիայում: Պենտագոնը հայտարարեց, որ իրենց նոր ուժեր չեն ստեղծում, բայց շարունակում են մարզել տեղի ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *