Հունվարի 18-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Քննարկման հիմնական թեման Սիրիան է: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն Սիրիայում վերջին զարգացումները, ինչպես նաև Աստանայի ու Ժնևի բանակցությունների ընթացքը:
Հիշեցնենք, որ Գերասիմովը և Աքարը վերջին անգամ Սիրիայի հարցով հանդիպել էին 2017 թ. նոյեմբերին՝ Սոչիում: Այդ ժամանակ հանդիպմանը մասնակցել էր նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Կողմերը քննարկել էին Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» ամրապնդումը: Հենց այդ համաձայնության շրջանակներում է Թուրքիան զինուժ տեղակայել Սիրիայի Իդլիբ նահանգում:
Չի բացառվում, որ կողմերի քննարկման հիմնական առարկան կարող են լինել Սիրիայի քրդերը: Ինչպես վերջին օրերին քանիցս գրել ենք, Թուրքիան, համենայն դեպս հայտարարությունների մակարդակով, «պատրաստվում է Սիրիայի քրդերի դեմ պատերազմի»:
Թեմայի վերաբերյալ ավելի ամնրամասն՝ այստեղ: