ԱՄՆ ՊՆ-ն (Պենտագոն) անդրադարձել է Սիրիայում քրդերից և արաբներից նոր 30 հազարանոց բանակ ստեղծելու մասին լուրերին՝ նշելով, որ իրենք ոչ թե նոր բանակ են ստեղծում, այլ «մարզում են տեղի անվտանգության ուժերին»: Պենտագոնը նաև ակնարկում է, որ թեև Թուրքիան դժգոհում է, բայց դրանք իրենց հենարանն են Սիրիայում: Հաղորդագրությունը հրապարակվել է Պենտագոնի կայքում:
Համաձայն հաղորդագրության՝ այդ ուժերի մարզումներն ուղղված են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ըստ Պենտագոնի՝ նշված անվտանգության ուժերը պետք է վերադարձող փախստականներին պաշտպանեն ահաբեկիչների հարձակումներից:
Այսպիսով ԱՄՆ-ն մեկ անգամ ևս ուղերձ հղեց Թուրքիային, որ իրենք գոնե առայժմ չեն դադարեցնելու մարզել Սիրիայի քրդերին՝ չնայած Անկարայի բազմաթիվ բողոքներին:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել, թե ԱՄՆ-ն Սիրիայում նոր 30 հազարանոց սահմանային անվտանգության ուժեր է ստեղծում: Քրդերն իրենք հայտնում էին, որ խոսքը ոչ թե նոր բանակի ստեղծման մասին է, այլ առկա ուժերի մարզումների:
Թուրքիայի նախագահը սրանից հետո ԱՄՆ-ին կրկին մեղադրեց «ահաբեկիչներին օգնելու» համար՝ հայտարարելով, որ իրենք «մոտ ժամանակներս» ռազմական գործողություններ կսկսեն Աֆրինում և Մանբիջում տեղակայված քրդական ուժերի դեմ:
Առայժմ պաշտոնական Անկարան սահմանափակվում է Սիրիայի հետ սահմանին նոր ուժերի կուտակմամբ: Թուրքիան նաև սեփական զինուժն ունի Սիրիայի տարածքում՝ Իդլիբի հյուսիսում՝ Աֆրինի սահմանին, ինչպես նաև Հալեիպից հյուսիս՝ Աֆրինի ու Մանբիջի միջև ընկած տարածքում: