2017-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Թուրքիայում և դրա սահմաններից դուրս՝ մասնավորապես Իրաքի հյուսիսային շրջաններում և Սիրիայում, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի բանակի 197 զինծառայող, վիրավորվել է 766-ը: Այս մասին հայտնի է դառնում Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրապարակած զեկույցից:
Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ 197 զինծառայողից 67-ը սպանվել են Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ժամանակ: Սակայն հատկանշական է, որ այդ գործողությունը Թուրքիայի զինուժը իրականացրել է 2016-ի օգոստոսի 24 — 2017-ի մարտ 29-ը ժամանակահատվածում։ Քանի որ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ զեկույցը վերաբերում է միայն 2017 թ․, տրամաբանորեն 67-ը ևս այդ գործողության միայն 2017 թ․ փուլում գրանցված կորուստները պետք է լինեն։ Սակայն այստեղ որոշակի հակասություն է առաջանում Թուրքիայի ԶՈՒ ԳՇ և ՆԳՆ հայտարարությունների միջև։
Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիան Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ընթացքում կորցրել է 71 զինծառայող: Թուրքիայի ԶՈՒ ԳՇ և ՆԳՆ տվյալների համադրությունը ցույց է տալիս, թե Թուրքիայի զինուժը 2016 թ․ օգոստոսից մինչև 2017 թ․ սկիզբ պետք է ընդամենը 4 զինծառայող կորցրած լիներ։ Սա չի կարող հաապատասխանել իրականությանը, քանի որ նախ դա գործողության ամենաակտիվ ժամանակահատվածն էր, բացի այդ էլ՝ միայն թուրքական կողմի պաշտոնական տվյալները ավելի մեծ թվով կորուստների մասին են վկայում։
Նշենք, որ ամբողջ 2017-ի ընթացքում Թուրքիայի ուժայինները շարունակել են երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում PKK-ի դեմ գործողությունները: Բացի այդ, Թուրքիան նաև ցամաքային գործողություններ է իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններում:
Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալների՝ 2017-ի ընթացում թուրք ուժայինները երկրի տարածքում և դրա սահմաններից դուրս «շարքից հանել են» PKK-ի 3239 և «Իսլամական պետության» 3777 զինյալի, ընդհանուր առմամբ՝ 7016 զինյալի:
Ներկայում թուրքական զորքերը նաև տեղակայված են Սիրիայի հյուսիսի երկու հատվածներում՝ Ջերաբլուսից Ազազ ընկած հատվածում և Իդլիբ նահանգում՝ մասնավորապես Իդլիբ-Աֆրին «սահմանի» երկայնքով: Իդլիբում թուրքական զորքերի տեղակայումը արվում է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների ժամանակ Իրանի և Ռուսաստանի հետ ձեռքբերված համաձայնությունների շրջանակներում:
Ներկայում Իդլիբում ռազմական գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի կառավարական բանակը, ինչն անհանգստացնում է թուրքական կողմին: Թուրքիայի իշխանությունները «պահանջել են» Ռուսաստանից և Իրանից, որպես Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրներ, կանգնեցնել Ասադի բանակին: