Հոկտեմբերի 19-ին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ շարունակել են գործողությունները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Իրաքի հյուսիսային Զապ շրջանում:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Աղբյուրի համաձայն՝ հրետանու կրակից սպանվել է PKK-ի 1 զինյալ, ևս 2-ն էլ սպանվել են օդուժի հարվածներից: Թուրքական կողմի պնդմամբ՝ հոկտեմբերի 18-ից սկսված գործողության ընթացքում սպանվել է քրդական կառույցի 24 զինյալ:
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի՝ Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում ուժայինների գործողություններում արդյունքում «շարքից հանվել է» 31 զինյալ:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաքի հյուսիս PKK-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով:
Վերջին անգամ թուրքական կողմը խոշոր ցամաքային գործողություններ է իրականացրել PKK-ի դեմ Իրաքի հյուսիսային շրջաններում 2007-ի դեկտեմբեր – 2008-ի փետրվար ամիսներին: Սրան զուգահեռ, Թուրքիայի օդուժը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում PKK-ի ճամբարներին Իրաքում: