Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի բանակը բավականին արագ տեմպերով առաջ է շարժվում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում: Սա ակնհայտորեն առաջացրել է Թուրքիայի անհանգստությունն ու դժգոհությունը, ինչը պարզ երևում է նաև այդ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունից: Փոխանցում է թուրքական «Անադոլուն»:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հունվարի 10-ին հայտարարեց, որ, լինելով Իդլիբում հրադադարի պահպանման երաշխավորներ, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցող ուժեր, Ռուսաստանը և Իրանը պետք է դադարեցնեն սիրիական բանակի առաջխաղացումը:
Չավուշօղլուն նաև ակնարկեց, որ այս գործողությունները կարող են Թուրքիային այլ բան պարտադրելու ուղերձ ևս պարունակել: Խոսքը մասնավորապես Սոչիում նախատեսվող «Սիրիայի ժողովուրդների կոնգրեսի» մասին է:
Չնայած նախնական գաղափարը ենթադրում էր Սիրիայի բոլոր ուժերի քննարկում՝ Թուրքիան դեմ է քրդական կառույցի՝ PYD-YPG-ի մասնակցությանը: Չավուշօղլուն նշում է, որ իրենք կշարունակեն դրան դեմ լինել:
Հավելենք, որ նույն պահանջը Թուրքիան ներկայացրել է նաև Ռուսաստանի և Իրանի դեսպաններին՝ նրանց կանչելով ԱԳՆ: