2018-ին Թուրքիայի զինուժը կստանա երկուական A400M և CH-47 Chinook բեռնատար ինքնաթիռ և ուղղաթիռ

2018 թ. ընթացքում Թուրքիան պլանավորում է զինուժի սպառազինությունը համալրել ևս երկու միավոր  A400M բեռնատար ինքնաթիռով, ինչպես նաև նույնպես երկու միավոր CH-47 Chinook խոշոր բեռնատար ուղղաթիռով: Դրան զուգահեռ թուրքական բանակը պետք է ստանա 13 միավոր T-129 Atak հարվածային ուղղաթիռ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով երկրի ՊՆ-ից ստացած տեղեկությունը:

A400M բեռնատար ինքնաթիռ

A400M բեռնատար ինքնաթիռ

Հիշեցնենք, որ մինչ այս Թուրքիայի բանակին մատակարարվել է 5 միավոր A400M բեռնատար ինքնաթիռ, որոնցից 5-րդը թուրքական զինուժը ստացել է 2017 թ. հուլիսին:

Airbus ընկերության հետ բեռնատար ինքնաթիռների գնման մասին պայմանագիրը կնքվել է դեռևս 2003-ին, որի համաձայն՝ մինչև 2018-ը Թուրքիայի զինուժը պետք է ստանար 10 միավոր A400M  ինքնաթիռ։ Ինչպես տեսնում ենք, պայմանագիրն առայժմ թերի է կատարվել, իսկ 2018 թ. նախատեսվում է միայն երկու միավոր ստանալ: Ըստ այդմ՝ Թուրքիան 2018 թ. լավագույն դեպքում կունենա նշված 10-ից 7-ը:

Airbus A400M-ը տուրբինապտուտակավոր 4 շարժիչով համալրված ռազմական բեռնատար ինքնաթիռ է: Արտադրողը՝ Airbus Space & Defense, մասնակցությամբ նաև՝ թուրքական TAI ընկերության։ Առաջին ինքնաթիռը ցուցադրվել է 2008 թ․ հունիսի 26-ին՝ Սևիլիայում։

  • Կրեյսերային արագությունը —  780 կմ/ժ
  • Զանգվածը — 76.500 կգ
  • Երկարությունը — 45 մ
  • Առաջին թռիչքը — 2009 թ․ դեկտեմբերի 19-ին
  • Թռիչքի հեռավորությունը — 3.298 կմ
  • Թևերի բացվածքը — 42 մ
  • Բեռնատարողությունը — մինչև 37 տոննա
  • Արժողությունը — մոտ 181 մլն ԱՄՆ դոլար (2010 թ․)

Ինչ վերաբերում է «Չինուք» ուղղաթիռներին, ապա դեռ 2006 թ. կնքված պայմանագրով Թուրքիան պետք է ստանար 4 միավոր: 2015-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովի ընթացքում որոշվել էր պատվիրել ևս 5 միավոր CH-47F: Առայժմ հստակ հայտնի չէ, թե թուրքական կողմը քանի նման ուղղաթիռ է ստացել:

Հավելենք, որ CH-47 Chinook ուղղաթիռներն արտադրվում են դեռևս 1960-ական թվականներից, սակայն նշված տեսակը ուղղաթիռների վերջին արդիականացումներից մեկն է և կարող է տեղափոխել 33-55 մարդ:

Չինուք CH-47F բեռնատար ուղղաթիռ

Չինուք CH-47F բեռնատար ուղղաթիռ

Ավելացնենք, որ Թուրքիայի բանակը ներկայում ունի թուրք-իտալական համատեղ արտադրության 27 միավոր Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *